Նախկին դատավորին արդար չեն դատել. Եվրադատարանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է , որ հայաստանցի նախկին դատավորի արդար դատաքննության իրավունքը խախտվել է։ Այսօր հրապարկվել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Փաստաբան Անահիտ Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր է։ 2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են նրա լիազորությունները: Նա այդ հրամանագիրը բողոքարկել է տեղական դատական ատյաններում եւ մերժվելով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2000 թ., որի վարույթը կասեցվել է հաշվի առնելով դատավորի՝ քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունը և վերաբացվել 2004թ.-ին՝ նախագահի հրամանագրով դատավորի լիազորությունների դադարեցումից հետո։ 2008-ի հոկտեմբերի 1-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեկ այլ քրեական գործ է հարուցել Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ՝ 2001թ.-ին դատական նիստի արձանագրության և վճռի մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և դրանք ի կատար ածելու համար։ 2008թ հոկտեմբերին երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ 29.12.2008թ ՀՔԾ հատուկ կարևորագույն գործերով քննիչ Արշալույս Մինասյանը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Սակայն Անահիտ Սաղաթելյանը դատական կարգով բողոքարկել է քննիչի կայացրած որոշումը։ Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այս վճռով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ վճարել 4900 եվրո փոխհատուցում՝ 3600 եվրո որպես ոչ նյութական վնասի և 1300 եվրո՝ որպես նյութական ծախսերի փոխհատուցում: