Սահմանադրական դատարանը բավարարեց լրատվամիջոցների հայցը (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը բավարարեց «Հրապարակ» և «Ի լուր» լրատվամիջոցների հայցը՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը սահմանափակող ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ: Դատարանի որոշումից բխում է, որ լրատվամիջոցին կարելի է պարտավորեցնել բացահայտել աղբյուրը բացառապես հետևյալ դեպքերում. «Երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր, առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար»: Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է նաև, որ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում շարադրված «այլ հաղորդումներ» սահմանումը չի կարող հիմնավորում լինել տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենք լիովին բավարարված են Սահմանադրական դատարանի այս որոշումից. «Սահմանադրական դատարանը բացահայտել է մեր դիմումի սահմանադրաիրավական բովանդակությունը, նաև ասել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում շարադրված այլ հաղորդումներ ձեւակերպումը չի կարող ընկալվել որպես հոդվածներ կամ հաղորդում եւ հիմք դառնալ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու»: Իրավապաշտպանը կարևոր է համարում հատկապես այն, որ ՍԴ-ի այս որոշմանը պետք է հետևի համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելը. «Ազգային ժողովը պետք է հետևողական լինի և քննարկված հոդվածները համապատասխանեցնի Սահմանադրական դատարանի այս որոշմանը»: Արա Ղազարյանի խոսքով՝ «Հրապարակ» և «Ի լուր» լրատվամիջոցների դեմ հարուցված գործերը ևս պետք է վերանայվեն. «Եռամսյա ժամկետով դիմելու ենք Վճռաբեկ դատարան եւ պահանջելու ենք գործի վերանայում»: