Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴՀԿ-ն «այո» է ասում Սահմանադրական փոփոխություններին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sdhk

ՍԴՀԿ-ն քվեարկելու է առաջիկա սահմանադրական փոփոխությունների օգտին: «Առաջիկա սահմանադրական բարեփոխումները երկրում հնարավորություն են ստեղծում հիմնադրել մի այնպիսի համակարգ, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում կարող է շատ հարցերի լուծում տալ: Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը  ուղղակի քվեով ընտրվող եւ  բացարձակ լիազորություններով օժտված ինստիտուտ  է, որն իր որոշումների եւ գործողությունների համար ընդհանրապես որևիցե մեկին հաշվետու չէ: Կամ՝ մեծամասնական ընտրակարգը: Առանց այդ էլ մեր խորհրդարանը չի փայլում իր որակով, օրենսդիր մտքով, բայց եկեք դիտարկենք, թե մինչև այսօր ովքե՞ր են անցել խորհրդարան մեծամասնական ընտրակարգով: Մեկ-երկու եզակի բացառությամբ՝ օլիգարխիան»,- ՍԴՀԿ 10-րդ համագումարում այսօր հայտարարեց կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքերով՝ թեեւ իրենք այո են քվեարկելու Սահմանադրական բարեփոխումներին, սակայն մասնակցությունը ինչ ձեւաչափ կունենա, պատասխանը կլինի համագումարի փակ աշխատանքներից հետո, որ կանցկացվեն Երեւանից դուրս: «Հիմա շատերը հայտարարում են, թե իշխանություններն այսկերպ ուզում են վերարտարդրվել, թե նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է շարունակել երկրի ղեկավարումը: Իհարկե, մենք մտքեր կարդացող չենք և չենք կարող ասել, թե որեւիցե անհատ ինչպիսի ցանկություններ ունի, սակայն ասել ենք ու կասենք՝ ի՞նչն է խանգարում այդ վերարտադրությանը ներկա սահմանադրությամբ: Ի՞նչ է, հնարավոր չէ՞ Սերժ Սարգսյանի համար դառնալ վարչապետ առաջիկա ընտրությունների արդյունքում: Իհարկե, հնարավոր է, ուստի այդ հանգամանքը չի ենթարկվում եւ որեւիցե քննադատության»,- իր ելույթում նշեց նա: Նարեկ Գալստյանի խոսքերով՝ սակայն հանուն ազնվության պետք է նշել, որ ոչ այս, ոչ նախկին եւ ոչ էլ   բարեփոխվող սահմանադրությունը չի կարող տալ երկրի առջեւ ծանրացած հսկայական սոցիալական հարցերի պատասխանը: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին ապրել է  վատ 1995 –ին ընդունված Սահմանադրության ժամանակ, ապրել է վատ 2005-ին բարեփոխված Սահմանադրության ժամանակ, կապրի վատ նաեւ այս բարեփոխվող տարբերակի օրոք, եթե Սահմանադրության գործադրման համար չլինի քաղաքական կամք»,- ավելացրեց նա: