Ադրբեջանցիները հայկական կայքեր են ստեղծում ու ապատեղեկատվություն տարածում (տեսանյութ)
Տեղեկատվությունը սննդի պես մի բան է, կարծում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մարդը խանութից մեկ անգամ փչացած ապրանք գնելով՝ ասում է դրա մասին բոլորին, որպեսզի նրանք էլ զգույշ լինեն։ Նույնն էլ պետք է լինի տեղեկատվական դաշտում. «Մարդը պետք է վստահի այն կայքերին, որոնք հստակ հասցե ունեն, չեն խաբում, պատասխանատվություն են կրում իրենց հրապարակած նյութերի համար»: Այս թեման եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է հանդիսացել վերջին մեկ ամսում սահմանային լարվածությունը. «Առանց այդ էլ դժվար իրավիճակում ի հայտ եկան «որբ», «անհեր-անմեր» շատ կայքեր, որոնք ահռելի քանակի խուճապ առաջացնող ապատեղեկատվություն սկսեցին շրջանառել՝ ջանալով այս կերպ մեծաքանակ դիտումներ ապահովել իրենց համար»։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի, այս ամենը հսկայական բացասական ազդեցություն է թողնում լսարանի վրա. «Ահռելի քանակի տեսանյութեր սկսեցին տարածվել, թե հայերը պատժում են ադրբեջանցիներին, որոնք հիմնականում ուկրաինական կոնֆլիկտից ու զորավարժություններից էին»։ Պարոն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ եթե այս կամ այն լրատվամիջոցներում լուրերը սկսում են՝ «շտապ», «հրատապ» վերնագրերով, դրանք լուրջ լինել չեն կարող: Մեդիափորձագետը նաեւ ցավով է փաստում, որ ադրբեջանական կողմը այս քաոսում ձեռքերը ծալած չի նստում. «Նրանք հայկական կայքեր են ստեղծում, հենց այդ կայքերով էլ ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածում, տեղադրում տեսանյութեր, թե ինչպես են հայերը իբրեւ գնդակոծում ադրբեջանական դիրքերը: Հայ ընթերցողն էլ, չիմանալով, որ իրականում գործ ունի հակառակորդի կեղծիքի հետ, ցանցերում տարածում է նրանց նյութերը»։ Սամվել Մարտիրոսյանը միաժամանակ նշում է, որ նմանատիպ կայքերը հասարակության մեջ գրաքննություն մտցնելու պահանջ են առաջացում. «Վաղը, մյուս օրը չինովնիկները, խաղաղ պայմաններում, դա կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար»,- ասաց փորձագետը: