Արա Բուդաղյանին անհապաղ պետք է ազատ արձակել. Հայկ Ալումյան
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանին պետք է անհապաղ ազատ արձակել։ Չկա հիմնավոր կասկած առաջացնող որեւէ նյութ՝ նրա մասնակցության հետ կապված»,- այս մասին «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։ Պարոն Ալումյանի խոսքերով՝ գործով որոշ չափով քննչական գործողություններ կատարվում են, բայց չի կարող ասել, որ գոհ է նախաքննության ընթացքից։ Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք հոգու՝ Հենրիկ Ավագյանին, Վիտալի Մինասյանին եւ Գարեն Աթաջանյանին: Հուլիսի 3-ից կալանավորված Արա Բուդաղյանը նշել է, որ որեւէ կապ չունի այդ միջադեպի հետ։ Արա Բուդաղյանի մյուս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանն էլ մեղավոր էր ճանաչվել 2013 թ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով։ Կրակոցների արդյունքում մահացել էր Արտակ եւ Արա Բուդաղյանների եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը։