3 ամսվա ծառայողը չի բարձրանում առաջնագիծ. ուղղակի հրթիռները հնարավորություն ունեն հեռուն խփելու
Միջպետական հանդիպումներից առաջ հակառակորդը միշտ ակտիվություն է ցուցաբերում սահմանագծում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` անդրադառնալով սահմանամերձ գյուղերում իրավիճակի լարվածությանը: Այս անգամ հանդիպում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա` ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ազդել բանակցությունների վրա, որ մենք մի տեսակ վախեցած լինենք. «Սակայն հայկական կողմից միշտ եղել է պատասխան ու իրենք են միշտ ճնշված եղել ու տեսել եք` ինչպես է Ալիեւը հայտնվում միջազգային այդ հանդիպումներին` մռութները կիտած»: Կինոռեժիսորի դիտարկմամբ` հակառակորդը սկսել է օգտագործել ավելի հեռահար կրակող, խոշոր կրակող հրթիռային զենքեր. «Դրանք թուրքական հրթիռներ են, որոնք ավելի խորն են խոցում»: Պարոն Զաքարյանն ընդգծում է` այն լուրերը, թե զինակոչիկները զոհվել են առաջնագծում, իրականությանը չեն համապատասխանում. «Ոչ մի 3 ամսվա ծառայող զորակոչիկ չի բարձրանում առաջնագիծ. ուղղակի այս հրթիռները հնարավորություն ունեն հեռուն խփելու, ու այս անգամ թուրքերը խախտել են պայմանն ու կրակել են գյուղի վրա: Տերմինները պետք է ճիշտ օգտագործել ու իզուր խուճապ չառաջացնել»: Արշակ Զաքարյանը որեւէ սպասելիք չունի միջազգային կառույցներից. «Նրանք հանդես են գալիս շատ չեզոք, մշուշված հայտարարություններով: Մեր ՊՆ դրվածքը շատ ճիշտ է` պետք է անհամաչափ պատժել, քանի որ միայն այդ լեզուն է հասկանում թշնամին, եւ դա է ինչ-որ չափով զսպում հետագա ավելի վատ քայլերից: Իսկ ԱԳՆ գործողություններից ահավոր դժգոհ եմ, ես չեմ տեսնում ԱԳՆ. այս դեպքում ՊՆ-ն ավելի շատ է ԱԳՆ գործը անում»: Նա կոչ արեց` զերծ մնալ ավելորդ խուճապից, հաշվի առնելով այն ծնողներին, որոնց երեխաներն այնտեղ ծառայում են։ Հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Կինոռեժիսորը պատմեց, որ այնտեղ, որտեղ երեկ զոհվել են զինծառայողերը, հրամանատարն իրեն ասել է` իր երեխաներին չի ուղարկել տատիկ-պապիկի մոտ արձակուրդ, որպեսզի գյուղի բնակիչները տեսնեն, որ իր երեխաները հանգիստ խաղում են տան բակում, խուճապ չկա. «Իսկ ադրբեջանական գյուղեր կան, որ դիմացի 5 կմ-ն մարդ չի ապրում. նրանք փախնող են: Մեր զինվորներն ավելի լավ են կռվում, երբ գիտեն` իրենց թիկունքում երեխան է, այլ ոչ թե դատարկ գյուղը»: Կիրնոռեժիսորից «Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ ՊՆ կողմից հանձնված մեդալների մասին, որոնք տրվեցին մարդկանց, որոնք հասարակության լայն շրջանակներում քննադատության արժանացան: Այդ մարդիկ մեդալներ ստացան` բանակին մատուցած ծառայությունների համար: Արշակ Զաքարյանը եւս հայտնի է բանակին բացմիցս օգնելու ու տարատեսակ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար, մինչդեռ նրան որեւէ պարգեւատրում չի եղել: «Ես տեղյակ չեմ` ով, ինչ է օգնում: Ինչ վերաբերում է ինձ, ես չեմ օգնում, օգնում է ժողովուրդը, ես փոստատարն եմ` օժանդակ օգնությունը հասցնում եմ զինվորներին ու մի մեծ հերոսություն չեմ անում, որ փառաբանվեմ: Ամեն մեկս եկեք մտածենք` մենք ինչ ենք անում բանակի համար: Իսկ թե ում են մեդալ տվել, դա բացարձակապես ինձ չի հետաքրքրում»,- վստահեցրեց Արշակ Զաքարյանը: