«Առաջարկում եմ մի որոշ ժամանակ շահարկումներից զերծ մնալ» (տեսանյութ)
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծից ժամեր անց օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ` ճշտելու` արդյոք նա դժգոհություններ ունի՞ իրավապահ մարմիններից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա նաեւ նշեց, որ ազատամարտիկին տեղեկացրել են` եթե նա իրավապահներից դժգոհություններ ունենա, թող դիմի իրենց, ու իրենք վարույթ կհարուցեն, համապատասխան քայլեր կանենք. «Եւս մեկ անգամ դատապարտում ենք ցանկացած բռնություն` հատկապես երբ դա քաղաքական խոսքի կամ գործընթացների հետ է առնչվում»: Պարոն Անդրեասյանն ափսոսանք հայտնեց, որ բռնությունը շատ է դարձել մեր հարաբերությունների կարգավորման ձեւ. «Ցավը նաեւ այն է, որ ամեն անգամ, երբ ծեծ է լինում, մենք լսում ենք ինչ-որ հայտնի մարդու անուն եւ դրա հետ կապված կամ շահարկում, կամ ճշմարտացի մեղադրանք: Այդ անունների ֆոնի վրա, սակայն, ես կարող եմ այսպիսի մի բան ասել, որ նորաոճ է դառնում, երբ դու ունենում ես որեւէ բախում որեւէ մեկի հետ, որպեսզի անմիջապես հերոսանաս, ճիշտ է, որ տաս ինչ-որ մի հայտնի մարդու անուն: Սա այդ դեպքն է, թե ոչ, կպարզի նախաքննությունը: Ես կարծում եմ` շահարկումը, որ տեղի է ունենում, երբ բոլոր ծեծերը քաղաքական ֆոնի վրա են ընկալվում, կամ կդադարեն, կամ կպատժվեն այն քաղաքական ուժերը, որոնք կազմակերպում են նման ծեծեր, կամ մենք կդադարեցնենք` ամեն մի զոհի հետ կապված սարքել մեծ քաղաքական սկանդալ, եւ գործընթացները կլինեն զուտ մարդկային դաշտում»: Ըստ նրա` հասարակությանը պարբերաբար ցնցման մեջ պահել ամեն մի անհատական դեպքով, վտանգավոր է. «Երբ արդեն իսկապես կլինի քաղաքական ծեծ, վախենամ, որ շատերը սկսեն չհավատալ: Առաջարկում եմ մի որոշ ժամանակ շահարկումներից զերծ մնալ»: