Բոլորս պետք է կանգնենք և պայքարենք. Թուրք երգչուհին՝ հայկական երգացանկով (տեսանյութ)
Մեծ սրտով, ոգեւորվածությամբ ու ջերմ հանդիսատեսի ակնկալիքով. գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը Հայաստանում համերգ կտա։
Լեման Շտեհնը հայկական երգարվեստին ծանոթացել է ուսանողական տարիներին ու հասկացել՝ մշակույթն ազգություն չի ճանաչում։
«Ծանոթացա Ստամբուլի պետական օպերայի և բալետի թատրոնի ներկայիս տնօրեն Գևորգ Դավթյանի հետ, որի շնորհիվ էլ հայկական երաժշտությունը սկսեցի սիրել ու ուսումնասիրել»,- պատմում է նա։
Հայ մշակույթն ու հատկապես Կոմիտասին ուսումնասիրելիս թուրք երգչուհին չի շրջանցել նաեւ 1915 թվականը։ Նա դատապարտում է Հայոց ցեղասպանությունը. «Գուցե մեր երկրների իշխանություններն իրար հետ լեզու չեն գտնում, բայց ժողովուրդները մեղավոր չեն: Կարծում եմ` մենք բոլորս պետք է կանգնենք և պայքարենք, մենք պետք է ճշմարտության կողմը լինենք»։
Չնայած թուրքական մամուլում իր հասցեին քննադատություններին՝ Շտեհենը շարունակում է բարձրաձայնել իր կարծիքը ու երգել հայկական երգեր աշխարհի տարբեր երկրների եկեղեցիներում. «Վերջերս ես իմացա, որ իմ պապի պապը քրիստոնյա որբ է եղել, բայց ես ինձ թուրք եմ համարում, սակայն դա ոչինչ չի նշանակում, ես այսօր այստեղ եմ, քանի որ հայկական երաժշտությունը շատ եմ սիրում»։
Սեպտեմբերի 24-ին Լեման Շտեհնը ելույթ կունենա Կամերային երաժշտության տանը՝ «Տաղարան» համույթի հետ՝ «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին։ Իսկ մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։