Անկախությունը տվեց պատգամավորներ. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Եռաբլուրում անդրադարձավ ոստիկանների «պարին», որի միջոցով նրանք ցրել էին ցույցը. «Դե լողանալուց հետո պետքա մի քիչ էլ պարել, դրանից էլ ե՞ք դժգոհ»,- ծիծաղով պատասխանեց պարոն Գասպարյանը՝ հավելելով. «Խաղաղվե՛ք, այսօր տոն է, ամեն օր քաղաքականության մեջ եք, դո՛ւրս եկեք այսօր»։ Այսուհետ ոստիկանները պարելո՞վ են ցրելու հանրահավքները. հարցին նա պատասխանեց. «Ոչ միայն պարելով, այլեւ՝ երգելով»։ «Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ ստացավ Հայաստանը անկախության տարիներին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ամենակարեւոր բանը, որ ստացանք, նա է, որ ժողովուրդը ստացել է ինքնադրսեւորման հնարավորություն՝ ստեղծելու, կառուցելու։ Խորհրդարան, պատգամավորներ տվեց, հասկանում ե՞ք»։ Խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ Վլադիմիր Գասպարյանը ասաց. «Քննարկումներ են գնում, ես կարծում եմ ինձանից լավ կարծիք հայտնողներ կլինեն, լսե՛ք ԱԺ պատգամավորներին, նրանք ավելի մոտիկ են ժողովրդին, ավելի լավ են տիրապետում։ Մենք օրենքի կամակատարներն ենք»։ «Ոչ»- ի ճակատ է ձեւավորվել, եթե դուրս գան փողոց, ի՞նչ կանեք. հարցին ոստիկանապետը պատասխանեց. «Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնել, եթե օրենքի սահմաններում լինի՝ լավ, եթե չէ՝ կպարենք»։