Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանավորվել են, որ խաղադաշտ չի մտնելու, բայց բռնություն կիրառել են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shahen

Ոստիկանների բռնության արդյունքում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Հայաստան- Դանիա խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ոտքի երկրորդ աստիճանի սալջարդ է ստացել։ «3-4 շաբաթ անկողնային ռեժիմ են նշանակել։ Ասել են՝ պիտի վերեւ պահես, որ ջուր չհավաքվի ոտքիդ մեջ»,- ասում է նա։ Արդեն տանը բուժում ստացող Շահենը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել մարզադաշտում. «Մեր դիմաց հայտնի ոստիկանական պատն էր։ Չէինք կարողանում ֆուտբոլ նայել»։ Դրանից հետ Շահենը փոխել է տեղը։ «Մոտեցան կարգադրիչները, նրանցից մեկն ասեց տոմս ունես, ցույց տվեցի տոմսը, ասեց արի գնանք քո տեղում նստի։ Ասեցի, եթե կապահովես այնպես, որ ես կդիտեմ իմ ֆուտբոլն առանց ոստիկանների միջամտության, խոչընդոտելու, ուրեմն խնդիր չկա։ Երբ որ մենք շարժվեցինք, հասնում էինք տրիբունայի հատվածը, աստիճանները շատ մեծ են, նրանցից մեկն ասաց, բա այստեղով են իջեցնում։ Մտան թեւերս, ոլորեցին, մի քիչ հրմշտեցինք իրար ես չիջա։ Երկու հոգով մտան թեւերս եւ շպրտեցին աստիճաններից ցած»,- պատմում է նա։ Այս միջադեպին նախորդել էր լրատվամիջոցների ուշադրությանն արժանացած մի դրվագ։ Խաղը սկսելուց 40 րոպե առաջ Շահենին էր մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Ասեց Հայաստանի հավաքականին սեւ ցուցակ են գցում, պատժամիջոցների մասին խոսեց»,- զրույցից հատված ներկայացրեց նա։ Խոսքը հունիսի 13-ին Հայաստան -Պորտուգալիա խաղի ժամանակ Շահենի ակցիայի մասին էր։ Նա «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառով մտել էր  խաղադաշտ։ «Պայմանավորվեցինք, որ խաղադաշտ չեմ մտնելու, այնպես չի, որ իր ասածն էր, ես մտադրություն չունեի»,-ասաց նա։ Շահենը իր հետ տեղի ունեցածը չի կապում Ռուբեն Հայրապետյանի զգուշացման հետ։ Անկախ այս միջադեպից, ֆուտբոլի ֆանատ 16-ամյա Շահեն Հարությունյանը ասում է, որ ներկա է գտնվելու ֆուտբոլային հաջորդ հանդիպումներին։