Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստա՞նն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

Քաղաքականություն
hamajoxov

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում փոփոխությունների կարելի է սպասել նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Ասում է ազգությամբ չերքեզ վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարչիկին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկմանը։ «Եթե Էրդողանի կուսակցությունը կոալիցիա կազմի ազգայնական ուժերի հետ, դա կարող է որոշակի խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի հետ ավելի բաց հարաբերվելու համար։ Իսկ եթե կոալիցիան կազմվի հանրապետականների հետ, կարելի կլինի հարաբերություններն աշխուժացնել»։ Ըստ նրա՝ Թուրքիան այժմ հայտնվել է բարդ իրավիճակում. մեկուսացված է արտաքինից, գոյություն ունի նաև ներքին հակամարտություն ու այդ երկիրը զգում է կայուն հարևանի կարիք։ «Թուրքիային անհրաժեշտ է լավ հարաբերություններ Հայաստանի հետ, և երբ գա բանակցությունների հաջորդ փուլը, անհրաժեշտ կլինի ապակապակցել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կոնֆլիկտից և Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից»։ Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն էլ նշում է. «Որդեգրելով զրո պրոբլեմներ հարևանների հետ՝ Թուրքիան կարծես թե մնաց առանց հարևանների»։ Դավիթ Շահնազարյանը լավատես չէ երկու երկրների միջև հարաբերությունների մերձեցման առումով։ Նրա համոզմամբ՝ այս իրավիճակում Հայաստանն ու Թուրքիան պետք է փորձեն հարաբերությունները պարզել առանց միջնորդների, քանի որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում աջակցել հարաբերությունների բարելավմանը։ Լիովին չեն օգտագործված երկու երկրների բիզնես հարաբերությունների հնարավորությունները։ «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» հետազոտությունների համաձայն՝ Թուրքիան Հայաստան ներմուծում իրականացնող 39-րդ երկիրն է։ Կազմակերպության ներկայացուցիչ Ուսսալ Սահբազն ասում է. «Թուրքիայի համար հետաքրքրական կարող է լինել Հայաստանի տեղեկատվական ոլորտը։ Հայաստանում գործում է տեխնոլոգիական այնպիսի ընկերություն, ինչպիսին Picsart-ն է։ Թուրքական կապիտալն այստեղ հնարավորություն ունի դրսևորվելու»: Ըստ փորձագետների՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական հարաբերությունները, պետք է անխուսափելիորեն տեղի ունենա հասարակությունների մերձեցումը։