Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժուռնալիստների միությունը չի պաշտպանում լրագրողի իրավունքները. Ա. Ադիբեկյան

Կարևոր լուրեր Հասարակություն
index5

Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է։ Օրը նշվում է 1958 թվականից և նպատակ ունի ցուցադրելու աշխարհի բոլոր լրագրողների համերաշխությունը, միմյանց նկատմամբ ունեցած հարգանքը, ինչպես նաև միասնականությունը՝ հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում։ Հատկապես այս հարցում հայ լրագրողները թերանում են՝ կարծում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ «Բավական է լույսի գինը բարձրացնեն, ալիք է բարձրանում, երբ որ ձեզ են (լրագրողներին-խմբ.) նսեմացնում, դուք ձեր իրավունքները չեք կարողանում պաշտպանել, ինչպես անում եք հանրային խնդրի, իրավունքների պաշտպանության ժամանակ»,-ասում է Ադիբեկյանը։ Լրագրողի մասնագիտությունն աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունների տասնյակում է։ Համաձայն վիճակագրության՝ նախորդ տարի աշխարհում զոհվել է 66 լրագրող, 119-ն առևանգվել են, 117 լրագրող բանտերում է։ Խոսքի ազատության մասին խոսելիս Ադիբեկյանը Հայաստանը համեմատում է Բելառուսի և Ղազախստանի հետ, ասում է՝ մեզ մոտ լրագրողներն ավելի ազատ են։ Հայ լրագրողների խնդիրների առկայությունը սոցիոլոգը պայմանավորում է այնպիսի միասնական կառույցի բացակայությամբ, որն ի վիճակի կլիներ պաշտպանել լրագրողների շահերը՝ ոչ միայն հասարակության մեջ, այլև սեփական լրատվամիջոցներում։ «Կա ժուռնալիստների միություն, որին մենք չենք տեսնում, որպեսզի պաշտպանի լրագրողների իրավունքները»,-ասում է Ադիբեկյանը։ Սոցիոլոգը նաև նկատում է՝ Հայաստանում «մենախոսական լրագրություն» է, մինչդեռ պետք է լրագրողները կարողանան համայնքի ներսում սանձել մասնագիտության վրա պիտակ թողնող մասնագիտական գործունեությունը։