Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավախքի պատերին` հանուն խաղաղ հարևանության

Հասարակություն
graf

Հայաստանի եւ Ջավախքի փողոցային արվեստի նկարիչները Ջավախքի պատերին ներկայացնում են իրենց աշխատանքները։ Սա գրաֆիտիի փառատոն է՝«Հանուն խաղաղ հարևանության»։ Փառատոնին մասնակցում է 20 նկարիչ, որոնցից տասը արտերկրից են, երեքը Թբիլիսիից, յոթը Երևանից, տասը նկարիչ էլ՝ Ջավախքից։ Հայաստանից փառատոնին մասնակցող Տարոն Շահինյանն ու Նարեկ Ծերունյանը միասին Ջավախքում նկարել են երկու նկար։ Տարոն Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ախալքալաքում նկարել ենք հայտնի «Միմինո» ֆիլմից մի դրվագ, որը, կարծում ենք,ավելի քան լավ նկարագրում է հայ-վրացական բարեկամությունը, իսկ Նինոծմինդայում նկարել ենք Վահան Տերյանի դիմանկարը, ով Ջավախքում ծնված մեր մեծերից մեկն է։ Քանի որ Ջավախքում ունենք հայապահպանության խնդիր, շատ կարեւոր է, որ մարդիկ ճանաչեն իրենց ազգի մեծերին։ Նկարել ենք նաեւ կենաց ծառ, Շառլ Ազնավուրի, Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարները, Նոդար Դումբաձեի, Շոթա Ռուսթավելիի, եւ այլ նկարներ»։ Մեր այն հարցին, թե Ջավախքում ի՞նչ խնդիրների են հանդիպել, Տարոն Շահինյանը նշեց. «Կարծում եմ՝ ե՛ւ մշակութային, ե՛ւ լեզվամտածողության։ Շատ երեխաներ չգիտեին, թե ով է Վահան Տերյանը։ Մեր նկարած նկարը տեսնելուց հետո հետաքրքրությունը կմեծանա ու կտեղեկացվեն Տերյանի մասին։ Զարմանալի է, բայց նույնիսկ տարեցների մեջ գտնվեցին մարդիկ, որոնք եւս չգիտեին Տերյանին»։ Զրուցեցինք նաեւ փառատոնի կազմակերպիչներից Աղունիկ Այվազյանի հետ. «Մարդիկ սկզբից մեզ տարօրինակ էին նայում, բայց հիմա արդեն ամեն ինչ այլ է։ Բոլորը ասում են՝ էլի նկարեք, ինչ լավ բան եք անում, վերջապես ուրախ գույներ ու տրամադրություն է տիրում։ Այս ծրագրով մենք ցանկանում ենք, որ Ջավախքում եւս մշակույթին ուշադրություն դարձվի»։ Փառատոնի աջակիցներն են Ախալքալաքի «Բաց Սահմաններ» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի համատեղ ֆինանսավորմամբ։ Աղունիկ Այվազյանը հավելեց. «Աջակիցները շատ-շատ էին, բայց ամենակարեւոր շնորհակալությունը հայտնում ենք տեղի բնակիչներին, որոնք ցանկացած հարցում սիրով մեզ օգնում էին»։ Այս ծրագիրն առաջին անգամ է անցկացվում։ Սկսվել է սեպտեմբերի 1-ից, իսկ փակման արարողությունը կլինի սեպտեմբերի 10-ին։