Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռչակագիր Ստեփանակերտում՝ Եվրոպական ազատ դաշինքի հետ

Պաշտոնական
azhk

Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ Եվրոպական ազատ դաշինքի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին ստորագրել են Համատեղ հռչակագիր.

 Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի համատեղ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը

  • Նկատի ունենալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի կողմից ազատ ապրելու իրավունքի իրագործումը եւ ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական ձգտումների հանդեպ Եվրոպական ազատ դաշինքի (այսուհետ՝ ԵԱԴ) աջակցությունը,
  • Ընդունելով, որ ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ մեկուսացման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջող եւ հաստատուն առաջընթաց են արձանագրել, ինչի դրսեւորումն են Արցախի քաղաքական մշակույթի անբաժան մաս դարձած ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները,
  • Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էական ժողովրդավարական առաջընթացը և դրանում Արցախի ժողովրդավարական կուսակցության (այսուհետ՝ ԱԺԿ) կարեւոր դերակատարությունը, որն արտահայտվել է հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, օրենքի գերակայության և կայուն խաղաղության սկզբունքների վրա հիմնվող ու Եվրոպական փորձն օգտագործող արդյունավետ զարգացման մոդելի ներդրման միջոցով,
  • Ընդգծելով ԵԱԴ-ի և ԱԺԿ-ի հավատարմությունը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը,
  • Խրախուսելով Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում և նկատի ունենալով, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը եւ ճանաչել այս հարցում ԵՄ առանձնահատուկ նշանակությունը,
  • Գիտակցելով, որ ԱԺԿ-ը եւ ԵԱԴ հետ փոխկապակցված կուսակցությունների զգալի մասը կանգնած է նույն մարտահրավերների առջեւ, որոնք վերաբերում են ԵՄ ու միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար ազատություններին և, մասնավորապես, սեփական ապագան որոշելու իրավունքին,
  • Համոզված լինելով, որ հաստատված հարաբերությունները կլինեն փոխշահավետ և դրանց շնորհիվ ներքոստորագրյալ կողմերը հանդես կգան որպես հիմնական դերակատարներ և վստահելի գործընկերներ եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների տարածման գործում՝ դրական ազդեցություն գործելով ողջ տարածաշրջանի վրա՝
  ԱԺԿ եւ ԵԱԴ համաձայնում են համագործակցել, նպատակ ունենալով.  
  • Փոխանակել անկախության գործընթացի և ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ
  • Ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը,
  • Նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները:
Այսպիսով, ԵԱԴ և ԱԺԿ վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Եվրամիությունում հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը:
                                                                            Աշոտ Ղուլյան Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ                                                                                                                                           Ֆրանսուա Ալֆոնսի                              Եվրոպական ազատ դաշինքի նախագահ
Ստեփանակերտ, 2 սեպտեմբերի, 2015թ.