Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4000 կմ քայլելով՝ արտասահմանցի ճամփորդները հասան Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
Marine-nkar1

7 ամիս, օրական 25-30 կմ քայլելով` այս մարդիկ արդեն 9 երկիր են անցել։ Միմյանց հետ ծանոթացել են Ֆրանսիայում, այնուհետ  սկսել են ոտքով ճանապարհորդել։ Սկսել են Շվեյցարիայից դեպի Իսպանիա քայլելով. «Նպատակը տարբեր ազգերի մշակույթին, մարդկանց հետ ծանոթանալն է։ Ոչ մի երկրում մեզ անապահով չենք զգացել։ Մարդիկ միշտ օգնել են մեզ, իսկ երկուսով քայլելը ավելի հեշտ է. զրուցում ենք, քննարկում, կիսվում`փորձով»,-ասում է Շվեյցարիայից Սիմոնը։ Ավստրիացի Քրիստոֆն ու Շվեյցարիայից Սիմոնը Հայաստան հասել են մի քանի օր առաջ՝ Վրաստանի սահմանը հատելով։ Ասում են, որ  տպավորված են հայկական վանքերով. «Գրեթե բոլոր տեղերում մեզ հաճույքով են դիմավորում, ընկերական են, հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ եք քայլում, ի՞նչ եք անում»։ Երկուսն էլ իրենց աշխատանքից հրաժարվել են՝ ոտքով ճանապարհորդելու համար։ Ծախսերն իրենք են հոգում՝ նախկին աշխատավայրից նախօրոք տնտեսած գումարով։ Խոսելով ընտանիքի մասին, Սիմոնն ասում է՝ Շվեյցարիայում ընկերուհիս է սպասում, իսկ Քրիստոֆի ընտանիքն ավելի ընդգրկուն է. «Իմ ընտանիքը աշխարհն է։ Պետք է խնամել ու տեր կանգնել»։ Կիթառի եւ դաշնամուրի սիրահար Սիմոնի եւ լեռնագնացության երկրպագու Քրիստի ճանապարհորդությունների անբաժան մասը՝ պայուսակներն են, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 15 կգ։ Ճանապարհորդներն իրենց հետ վերցնում են միայն անհրաժեշտ իրերը. «Կարեւորը լավ կոշիկներն են, եւ այնպիսի հագուստ, որը հեշտ կլինի լվանալ։ Մի հոսպիտալի դեղորայք ունենք։ Քիչ ենք սնվում, օգտագործում ենք շատ ջուր։ Մենք միշտ սոված ենք»։ Այցելած երկրների մասին գրում են իրենց կայքում։ Նշում են.  երկրներ այցելելիս ոչինչ չպետք է պլանավորել. «Պլանավորելու շատ իմաստ չկա, քանի որ մարդիկ տեսնում են, հրավիրում են գիշերակացի, թեյ են առաջարկում։ Եթե ամեն ինչ պլանավորես, ոչինչ չի ստացվի»,-ասում է Քրիստոֆը։ Հոկտեմբերի վերջին այս զույգը կլինի Չինաստանում, որտեղ կավարտվի 7000 կմ-անոց մարաթոնը։ Ի դեպ, նրանք համագործակցելով «Վորլդ վիժն» բարեգործական կազմակերպության հետ, ճանապարհորդությունների ընթացքում այցելում են «Վորլդ վիժն»-ի գրասենյակներ եւ օգնում երեխաներին։