«Պետք է նստեմ բակում, գնալու տեղ չունեմ». Քանդվում է օրինական շինություն
12 օրից դատական ակտերի հարկադիր կատարողները քանդելու են Աբովյան փողոցի փակուղի 5 հասցեում գտնվող Յուլյա Զաքարյանին պատկանող տունը եւ ավտոտնակը։ «Ուղղակի պետք է նստեմ բակում, գնալու տեղ չունեմ, չեմ ապահովում ինձ ոչ մի բանով, ոչ փոխհատուցում են գումարով, ոչ թե բնակարան են տալիս, որ ես տեղափոխվեմ։ Սա նշանակում է, որ նաեւ երեխաներիս աշխատանքից էլ են զրկում, իրենց օրվա ապրուստի միջոցից էլ են զրկում»,- ասաց նա։ Տիկին Յուլյայի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը թվարկում է այս գործով անօրինականությունները։ Նրա խոսքերով՝ այս պատմությունը սկսվել է դեռ 1999 թվականից, երբ կառուցապատող Վլադիմիր Մանգասարյանի հետ կնքվել է պայմանագիր, որ տարածքը ազատելու դեպքում նրան հատկացվելու է 4 բնակարան եւ նույնքան ավտոտնակ, սակայն երբ սկսել են կառուցապատումը, պարզվել է, որ իրեն հատկացված երկու բնակարաններից մեկն այլ անձի սեփականություն է։ «Ցավոք սրտի, անձը մի դրվագով կարող է դառնալ խարդախ, մյուս դրվագով օրինական կառուցապատող։ Տիկին Յուլյայի դեպքում Վլադիմիր Մանգասարյանը դարձել է օրինական կառուցապատող, թեպետ դատարանի վճռով, հաշտության համաբանությամբ իրեն տրամադրել են մի այլ տեղ տարածք, որը լրիվ այլ անձի սեփականությունն է»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը։ Փաստաբանը հիշեցնում է, որ անշարժ գույքը ամբողջությամբ օրինական կառույց է, սակայն նույն հարկադիր կատարողը որպես ինքնակամ կառույց ցանկանում է քանդել. «Սա պետական մարմինների, պաշտոնական անձանց անպատժելիության արդյունք է, որովհետեւ իրենք շահագրգռված են ինչ- որ մի կերպ կառուցապատողին հնարավորություն ընձեռել, որ այստեղ ամբողջովին ապամոնտաժվի եւ շենք կառուցվի՝ առանց փոխհատուցելու»։ Այսօր ընտանիքին 4 բնակարանի փոխարեն հատկացվել է 2-ը, իսկ տան մյուս անդամները փաստորեն մնալու են առանց տանիքի եւ աշխատանքի։