Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Երանոսյանը հրաման տվեց բռնել բոլոր լրագրողներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bax

Երեք շաբաթ է, ինչ լրագրող Հակոբ Կարապետյանը փորձում է ոստիկանությունից ստանալ իր տեսախցիկի հիշողության քարտը, որի վրա արձանագրվել է հունիսի 23-ի ոստիկանական գործողությունները։ «Ես տեսա, որ ոստիկանական զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը խլեց գործընկերներիցս մեկի տեսախցիկը և գետնին տալով՝ կոտրեց այն։ Ես ֆիքսեցի նաև այն պահը, երբ Լևոն Երանոսյանը հրաման տվեց բռնել բոլոր լրագրողներին։ Ոստիկանններն իմ հետևից եկան Հյուսիսիային պողոտա, որոշեցի դիմադրություն ցույց չտալ և գնալ նրանց հետ։ Ինձ տարան մի տեղ, որտեղ կանգնած էին Հունան Պողոսյանն ու Լյովա Երանոսյանը։ Հունոն Պողոսյանն ասաց, որ տեսախցիկի չիպը վերցրեն ու տեսախցիկը տան ինձ»։ Լրագրողը դիմել է ոստիկանություն՝ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով քրեական գործ հարուցելու, ինչպես նաև առգրավված հիշողության քարտն ստանալու համար, մինչդեռ ընդամենը ծառայողական քննություն է իրականացվում։ Հակոբ Կարապետյանը նշում է. «Որևէ մեկը ո՛չ մեղադրյալի, ո՛չ կասկածյալի կարգավիճակ չի ստացել, երբ բազմաթիվ են տեսավկայությունները։ Մամուլում հրապարակումներն առնվազն բավարար են՝ մի քանի բարձրաստիճան ոստիկանների պատասխանատվության հարցը դնելու համար»։ Տեսանյութերից մեկում էլ երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը հայհոյում «Լրագիր» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանին։ Վերջինս դիմել է ՀՔԾ՝ լիազորությունները գերազանցած ոստիկանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև՝ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ քննություն իրականացնելու համար։ «Ոստիկանը, որը լիազորություններից դուրս է եկել՝ Արթուր Ղալեչյանը, խիստ նկատողություն է ստացել ոստիկանության կողմից, սակայն ոստիկանությունը չէ, որ պետք է գնահատի ոստիկանների գործողությունները, այս դեպքում՝ պետք է քրեական գործ հարուցվի»։ Բռնություններ իրականացրած անձանց քրեական պատասխանատվության չենթակելը կարող է շատ ավելի վատ հետևանքներ առաջացնել։ Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն ո՛չ միայն շարքային ոստիկանները։ «Պետք է քրեական գործ հարուցել՝ ոստիկանների գործողությունները պարզելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար, մասնավորապես՝ կնշեի երեք փոխոստիկանապետերի ներկայությունը, հրահանգելը՝ ջարդել, բռնանալ լրագրողների նկատմամբ, էլ չեմ ասում սովորական քաղաքացիների, անչափահասների նկատմամբ ծեծի դեպքերը»։ Իրավապաշտպանը ոստիկանների նկատմամբ հունիսի 23-ի դեպքերի մասով ծառայողական քննությունների իրականացումը առաջընթաց է համարում ոստիկանության համար. «Նկատողությունը դեռևս մեծ առաջընթաց է, որովհետև մենք տեսնում էինք, որ ծեծուջարդից հետո ոստիկանները պարգևատրումներ էին ստանում, այնպես որ՝ սա մի քայլ առաջ է՝ ըստ ոստիկանության»։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան 13 լրագրողի բռնության ենթարկելու և ևս 15-ի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված գործի շրջանակներում դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։