Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները
Քանի որ ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել իրենց հետևյալ իրավունքների մասին՝ 1. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի համապատասխան որոշում (օրինակ՝ խուզարկության որոշում): 2. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ բաժնի ճանապարհի ողջ ընթացքում: 3. Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է): 4. Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ, եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել: 5. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին: 6. Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ), պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ, կամ անձնագիր ցույց տալ: 7. Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն ամինջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին: Իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին: 8. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին ամինջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել՝ մինչ իր փաստաբանի ժամանումը: 9. Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը: 10. Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»