Ակտիվիստն ազատվել է աշխատանքից
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ակտիվիստն արդեն 4-րդ օրն է՝ Ազատության հրապարակում պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. «Պատճառը հենց պայքարին ակտիվ մասնակցելն է ու պայքարի կենտրոնում լինելն է, շատերը կմտածեն անձնական PR եմ ուզում անել, ուզում եմ ինձ ցույց տալ, բայց ես ոչ մի բան չունեմ ցույց տալու, որովհետեւ ինձ ճանաչում են, իմ կերպարը ճանաչում են ու գիտեն ինչի է այն ընդունակ»։ Ակտիվիստը չի հորդորում ոչ մեկի նման քայլի դիմել, բայց միեւնույն ժամանակ պնդում է՝ աշխատանքից ազատվելը պայքարին լիարժեք մասնակցելու միակ տարբերակն էր. «Պարզապես ցանկանում եմ դա երեւա մարդականց աչքերին, որպես մտահոգ մարդու քայլ, ով իր վրա զրկանք կրելով՝ իր ապրուստի միջոցից զրկվելով, դուրս է եկել եւ չի ցանկանում տուն չգնալ, մինչեւ չհասնի արդյունքի»։ Վաղինակ Շուշանյանը նման քայլի գնում է արդեն երկրորդ անգամ։ Իր դիմումի համաձայն, նա աշխատանքից ազատվել է նաեւ դեկտեմբերին։ Նախորդ անգամվա ցավոտ փորձը նույնպես ինքնակամ դիմում գրելու պատճառ էր. «Ես էլի աշխատանքից հեռացա, որովհետեւ իմ ընկերության ղեկավարի վրա սկսել էին ճնշումներ գործադրել, այս անգամ էլ եթե դիմումով չազատվեի, նույն կերպ կարող էր լինել»։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ նստացույցը բնականոն հունով է ընթանում, չհաշված այսօրվա փոքրիկ միջադեպը. «Մի երիտասարդ մոտեցավ, սպառնաց, որ կտա, կջարդի, ոտնատակ կառնի, ինքը սադրիչ էր, ուղարկված մարդ»։ Վաղինակը հիշեցրեց նաեւ, որ այսօր լրանում է նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետը. «Եթե մինչեւ 18։00-ն պատասխան չլինի, մենք կգնանք Բաղրամյան 26, մի փոքր վատ լսողություն ունեցող մարդու մոտ, որ ականջի տակ ասենք մեր պահանջը , երեւի լավ չի լսում»։