Դատավարական սխալի պատճառով կորցրել եմ այն, ինչ հնարավոր չէ հետ բերել (տեսանյութ)
77-ամյա Արտակ Գաբրիելյանը 2004 թվականին թռուցիկներ բաժանելու և քաղաքական կոչեր հնչեցնելու մեղադրանքով հայտնվել է ճաղերի հետևում և 8 տարի դատական ատյաններում պայքարելուց հետո է միայն Եվրոպական դատարում հասել արդարության. արդարացվել է։ Նրա համոզմամբ՝ հայաստանյան դատարանները իրեն ազատությունից զրկել են անօրինական վճիռներ կայացնելով։ «Չկարողացան ապացուցել, որ ես իշխանությունը տապալելու կոչեր եմ արել, գործում ներգրավված վկաները դատարան չեկան։ 8 տարի տարբեր ատյաններում պայքարելուց հետո Եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, համաձայն որի՝ տեղի է ունեցել դատավարական սխալ, և ես արդարացվեցի»,- նշում է պարոն Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ ինքն այդ տարիների ընթացքում կորցրել է այն, ինչը հնարավոր չէ հետ բերել որևէ գումարով։ «Միլիոն դոլար էլ տան՝ չեն կարող դա փոխհատուցել, մարդու տանջանքը, հոգեկան ապրումները հնարավոր չէ փոխհատուցել։ Այդ ամենը պետք է վճիռ կայացնողը զգա, որ իմանա»,- նշում է նա։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ դատական սխալներ տեղի են ունենում անգամ զարգացած, ժողովրդավար երկրներում։ Դաշտն ուսումնասիրելով՝ եկել է եզրակացության, որ Հայաստանում ի տարբերություն այդ երկրների՝ դատական սխալները չեն ընդունվում։ «Դատական սխալները շտկելու մեծ հնարավորություններ կան, և՛ նոր ի հայտ եկած հանգամանքներով, և՛ իրեղեն ապացույցները պահպանելով, և՛ ռեաբիլիտացիայով... Հայաստանում այդ ամենը բացակայում է»,- կարծում է իրավապաշտպանը։ Իշխանյանը դատական սխալների պատճառով քաղաքացիների ազատ արձակման դեպք գրեթե չի հիշում։ Խնդրի լուծումը նա տեսնում է ո՛չ իրավական դաշտում։ «Հայաստանի իշխանավորները չունեցան կամք՝ այնպիսի համակարգ, այնպիսի սահմանադրություն ու օրենսդրություն ստեղծելու, որպեսզի դատարանը անկախ լիներ»,- կարծում է Ավետիք Իշխանյանը։ Ավելացնենք, որ Հայաստանը եվրոպական երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ցմահ դատապարտյալների թվով։ Իրավապաշտպանի դիտարկմամբ, նրանցից որեւէ մեկի գործով, որոնք, բացառված չէ, որ ճաղերի հետևում են հայտնվել դատական սխալի պատճառով՝ արդարացման որոշում չի կայացվել։