Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը չի կարողանա իր բոլոր ծախսերն արդարացնել. տնտեսագետ

Տնտեսություն
vilen-khachatryan

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո թանկացումներն անխուսափելի կլինեն. hամոզված է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Ըստ նրա` թանկացումը կլինի շղթայական ու կազդի տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Վիլեն Խաչատրյանը համոզված է, որ սպառողին չի հետաքրքրում ո՛չ Էլեկտրական ցանցերի ծախսերը, և ո՛չ էլ ընկերության վարած մենեջմենթը. «Շարքային սպառողին մտահոգում է միայն այն, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հարվածելու է իր գրպանին այն դեպքում, երբ իր եկամուտները չեն ավելանում, փոխարենը լրացուցիչ ծախսեր են առաջանում»: Տնտեսագետը անխուսափելի է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. «Հանձնաժողովը կվերանայի ՀԷՑ-ի ներկայացրած որոշ ծախսային հոդվածներ, և որոշակի թանկացում միանշանակ կլինի։ Այս դեպքում սպառողը ստիպված սկսելու է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, ինչը տանելու է սպառման ծավալների նվազման»: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ՝ պարոն Խաչատրյանը արդեն իսկ արձանագրեց, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները նվազել են 8 տոկոսով։ Վիլեն Խաչատրյանը համոզված է՝ ՀԷՑ-ը չի կարողանա իր կողմից նշված բոլոր ծախսերը արդարացնել։ Այլընտրանքային էներգիայի կիրառման անցնելը տնտեսագետը մոտ ապագայում անիրատեսական է համարում. «Որոշ տեսաբաններ ասում են, որ կանաչ էներգիա կարող է կիրառվել` քամու կամ արևի: Այդ էներգիայի կիրառումն արվում է տարիներով, պահանջվում են ներդրումներ: Մոտակա տարիներին դա անհնար կլինի»։