ՀՀԿ-ականը կարծում է, որ էլեկտրաէներգիայի 17 դրամի թանկացման հիմնավորում չեն գտնի (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար արձակուրդային տրամադրությունից խոսել դեռ վաղ է։ Ասում է՝ ԱԺ ընդհանուր ծրագրերից ետ են մնացել. 2 տասնյակից ավելի պայմանագրեր կան, որոնք պետք է դեռ քննարկման դրվեն։ Ինչ վերաբերում է այս օրերին բուռն քննարկվող էլետրաէներգիայի սակագնի բարձրացմանը, պատգամավորն ասում է, թե դա իրենց համար էլ ցանկալի չէ։ «Խմբակցությունը թեման պարտադիր քննարկելու է, որպեսզի հասկանանք՝ կա հիմնավորում, թե ոչ։ Եթե չարաշահումներ են եղել ու դրա համար է թանկացվում, դա ուրիշ հարց է, իսկ եթե համակարգն ենք փրկում, դա ուրիշ»,-նշել է պարոն Ավետիսյանը։ Կարծում է, որ պետք է նայել՝ որքանով է արդյունավետ աշխատում այդ հարցով պատասխանատու կառույցը։ «Տեսել եմ այդ համակարգ կոչվածը 92, 95 թվերին և չէի ցանկանա, որ նոր սերունդն այդ վիճակում հայտնվեր»,-նշել է նա։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե եթե պարզվի՝ չարաշահումներ են եղել ՀԷՑ-ում, ինչպե՞ս կվարվեն, ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, թե այդ դեպքում բնական է՝ դեմ են լինելու թանկացմանը։ «Բայց որոշողը ԱԺ-ն չէ, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։ Պարոն Ավետիսյանը չգիտի՝ չարաշահումներ եղել են ՀԷՑ-ի կողմից, թե ոչ, բայց շրջանառվող խոսակցությունների կապակցությամբ նշել է. «Ծառայողական մեքենաներ վարձակալելիս պարտադիր չի Լեքսուս, այլ ուրիշ մեքենա կարող էին վերցնել»։ Այնուամենայնիվ, սակագնի՝ շուրջ 40 տոկոսով բարձրացումը, պատգամավորն անընդունելի է համարում. «17 դրամի մասով չեմ կարծում, որ հիմնավորում կարողանան ներկայացնել»։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀԷՑ-ը սնանկ չի ճանաչվում, եթե ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, թե դրա համար կառույցը պետք է անվճարունակ ճանաչվի, ինչն առկա չէ։ Պարոն Ավետիսյանին դուր չի եկել, որ էլ.էներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցին մասնակից են եղել նաև քաղաքական ուժեր։ «Որոշ ուժեր փորձեցին դրոշակակիր լինել այս շարժման, ցույց տալու համար, թե իրենք ժողովրդի կողքին են։ Մենք բոլորս ենք ժողովրդի կողքին»,-եզրափակել է գործիչը։