Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը չի առանձնացնում Սամվել Ալեքսանյանի ներմուծած դեղերը

Հասարակություն

Այսօր Երևանում մեկնարկել է «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» թեմայով երկօրյա գիտաժողովը։ Միջոցառման շրջանակում հուշագիր ստորագրվեց Առողջապահության նախարարության և «Սանոֆի» միջազգային դեղագործական ընկերության միջև, որով այս ընկերությունը կաջակցի մեզ՝ կեղծ դեղերի դեմ պայքարի գործում։ «Մենք այն քիչ երկրներից ենք, որը դեղի ներմուծման ժամանակ է որակը ստուգում, գնահատում, իսկ ԵՏՄ մյուս երկրները դեղատնային ցանցում են դա անում»,-գիտաժողովի ընթացքում նշել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։ Նա կարևորում է նաև սպառողի գիտակցության բարձրացումը։ Դա կբերի նրան, որ գնորդը կհասկանա, թե ինչ է ընդունում։ Մեր երկրի պարագայում մասնագետը երկու հանգամանք է ընդգծում, որոնք կարևոր են դեղերի շուկայի համար. օրենք և կարգավորող մարմին։ Թեև փոքր երկիր ենք, բայց խնդիրներն այնքան էլ փոքր չեն։ «Կարգավորող մարմնի առկայությունը թույլ է տալիս կանխարգելել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,-շեշտել է պարոն Թոփչյանը։ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից այս տարվա 5 ամիսների ընթացքում մոտ 4400 դեղամիջոց է գրանցում ստացել։ «Մի շարք չափանիշներ կան, որոնցով ստուգվում է դեղի որակը և եթե դրական եզրակացություն է ստացվում, ապա տրվում է լիցենզիա, եթե ոչ, բնականաբար, մերժվում է»,-ընդգծել է մասնագետը։ Նրա խոսքով՝ կեղծ, անորակ դեղերի մեծ մասը գալիս է ԱՊՀ երկրներից։ Հաջորդ տարվա հունվարի 1-ին մեր երկիրը դեղերի որակը ստուգելու է ոչ միայն եվրոպական, ամերիկյան և անգլիական, այլև ԵՏՄ դեղագրքերի միջոցով։ Ներկայում երկու տեղական արտադրող ունենք. «Արփիմեդ» և «Լիքվոր» ընկերությունները։ Նախկինում մեկն էր, որը կազմում էր շուկայի մոտ 5 տոկոսը։ Գիտաժողովին ներկա Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը չափազանց կարևոր է համարում այս քայլը։ Իսկ հարցին, թե արդյո՞ք ստուգվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվանը փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունը, որին հաճախ ժամկետանց դեղերի ներմուծման մեջ են մեղադրում, նա նշեց. «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, ո՞ւմ ասացիք, Սամվել Ալեքսանյանի...Մենք հատուկ տվյալներ որևէ ցանցում, այդպիսի համատարած կեղծ դեղերի չունենք։ Նման պարագայում անկախ որևէ կարգավիճակից, այդ դեղերն անպայման առգրավվում են»։