«Ճոխ կաբինետներում նստած որոշում են, որ հոսանքը պետք է թանկացնեն» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ավելի խորքային է համարում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ «Սա պետական համակարգի անարդյունավետ կառավարման փայլուն դրսևորում է»,-շեշտել է նա։ Ասում է՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շատ աշխատակիցներ ճոխ կաբինետներում են նստում, բարձր աշխատավարձ ստանում, և որոշում, որ հոսանքը պետք է թանկացնեն։ «Փորձում են շահույթի հարցը լուծել՝ եկամուտները բարձրացնելով»,-շեշտել է փորձագետը։ Պարոն Մեսրոբյանի համոզմամբ՝ մեր երկիրն այլևս չի կարող թաքցնել կառավարման սխալներն ու անարդյունավետությունը։ Էլէներգիայի թանկացումը կբերի գնաճային մեծ ճնշման, շղթայական թանկացումների։ Այնինչ, սակագինը կարելի էր իջեցնել, այլ ոչ՝ հակառակը։ «Սա մրցունակության կորուստ է նշանակում»,- վստահ է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Ասում է՝ 2014-ի տվյալով 0,5 տոկոս սպառման աճ կա երկրում, բայց դա չի նշանակում, թե պետք է բարձրացնեին սակագինը։ Բայց եթե դա տեղի ունենա, տնտեսագետը վստահ է, որ սպառողները կրճատվելու են, և նորից գնի բարձրացման հարց է առաջ գալու։ «Եթե պետությունը չունի ռազմավարություն, իսկ մենք այս պարբերական բարձրացումների ֆոնին հասկանում ենք, որ ռազմավարություն չկա, ապա կնշանակի, որ ամրագրվել է պարբերական բարձրացումների տեխնոլոգիա»,-ընդգծել է պարոն Մանուկյանը։