«1 ուղեւորի համար 1 ժամվա կտրվածքով՝ 2.5 դոլար խնայողություն» (տեսանյութ)
ԱԺ-ում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր ելույթում նշեց, որ այս ծրագրով օգտագործվում են տեղական աշխատուժն ու շինանյութերը, որոնց շնորհիվ կլինի եկամուտների եւ ՀՆԱ-ի աճ, կակտիվանա շինարարական ոլորտը. «Կստեղծվի 2500-3000 աշխատատեղ, կխնայվեն եւ կկրճատվեն տրանսպորտային ծախսերն ու ժամանակը: ճանապարհը կկրճատվի շուրջ 60 կմ-ով: Մենք անգամ հաշվարկներ ենք արել, թե յուրաքանչյուր ուղեւորի պարագայում որքան խնայողություն կլինի՝ մեկ ուղեւորի համար մեկ ժամվա դեպքում 2.5 դոլար խնայողություն, իսկ բեռնափոխադրման դեպքում՝ մեկ ժամում մեկ դոլար՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով»: Բացի այդ փոխնախարարը նշեց մի շարք դրական ազդեցություն ունեցող հանգամանքներ. «Որակյալ ճանապարհների առկայության շնորհիվ ՀՀ-ն կարող է դառնալ տրանզիտային երկիր եւ ստանա տնտեսական էֆեկտներ, հատկապես եթե հաշվի առնենք առաջիկայում Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումը եւ այն, որ ԵՏՄ ցանկանում է բանակցային գործընթաց սկսել Իրանի հետ՝ տնտեսական եւ առեւտրի բնագավառներում: Այս պարագայում ՀՀ-ն կարող է կապող ուղի դառնալ տնտեսական զարգացման այս ուղում»: Պարոն Մելքոնյանը նաեւ նշեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի կառուցմամբ կզարգանա ներգնա զբոսաշրջությունը. «Երբ քննարկվում են զբոսաշրջային ծրագրերը, պարզ է դառնում, որ նրանց համար կարեւոր են սահուն ու որակյալ ճանապարհները»: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն էլ իր ելույթում նշեց, որ որդեգրված է թափանցիկ գործելակերպի քաղաքականությունը. «Ծրագրի հինգ տրանշը եւս բաժանված է հատվածների՝ ըստ ֆինանսավորման ու նախագծային ծրագրերի»: