«Կալանավայրում ուտելիքը նման է լափի, ու շատ քչերն են օգտվում դրանից» (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը 10 օր առաջ է ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Անազատության 1 ամսվա ընթացքում հասցրել է հստակ պատկերացում կազմել կալանավայրերի մասին. «Սանիտարահիգիենիկ պայմանները շատ վատ են, անթույլատրելի վատ են, կոնկրետ հացադուլավորների խցում պատից մի խողովակ էր դուրս գալի եւ ծայրը զուգարանի մեջ էր, էդպես պետքա ջուր խմեիր։ Երբ բանտի միջանցքով անցնում ես, էնտեղ կոյուղաջրեր են կաթում, էն տպավորությունն է, որ ցարական հին նեխած բանտում ես գտնվում»։ ՔԿՀ-ներում վիճակը բավարար է, դեպի լավն է փոփոխվում. հավաստիացնում է ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը։ Ըստ նրա՝ ճիշտ է՝ շենքերը ժամանակակից չեն, բայց օրենսդրությամբ նախատեսված պայմանները կալանավայրերում առկա են. «Վերջերս մենք անցկացրել ենք սանիտարահիգիենիկ ստուգումներ, որի արդյունքում համաճարակային ծառայությունը արձանագրեց, որ գրեթե ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին. ունեինք որոշակի մանր թերություններ, որոնք արդեն վերացված են»։ ՔԿՀ –ների բացերին 2014 թվականին անդրադարձել էր նաեւ ՄԻՊ-ը, դրանց մասին անընդհատ բարձրաձայնում են իրավապաշտպաններն ու դիտորդական խմբերի անդամները։ Խնդիրներից մեկն էլ կալանավայրերում սնունդն է։ Գեւորգը կալանքի մեծ մասը հացադուլում է անցկացրել, բայց սննդի որակի մասին նրան պատմել են մյուս կալանավորները. «Բոլոր կալանավորները, ովքեր էդ տարածում էին գտնվում, ասում էին, որ ուտելիքը նմանվումա լափի, ու շատ քչերն են օգտվում դրանից»։ «Բազմաթիվ կառույցներ, որ ստուգումներ են անցկացրել, չեն արձանագրել սննդի վատ որակ։ Դրա հետ մեկտեղ այն մարմինները, որոնք ասում են սննդի որակի մասին, երբեք կոնկրետ դեպք չեն ներկայացրել»,- հակադարձում է պաշտոնյան։ Բանտախցերի գերծանրաբեռնվածությունը համակարգի ամենալուրջ խնդիրներից է։ «Ամբողջ բանտը գերծանրաբեռնված է, իմ խցում մի քանի անգամ շատ էինք, ասում էին՝ կան խցեր, որ ավելի շատ են»,- ասում է Գեւորգը։ Այս խնդիրը լուծման ճանապահին է՝ վստահեցնում է Արսեն Համբարձումյանը։ Արմավիրում կիսով չափ շահագործման հանձնված ՔԿՀ արդեն 170 կալանավոր է փոխադրվել։ Ավելին՝ տեսանյութով