Իրավաբանական խորհրդատվություն տաքսիստին եւ կնոջը, որ հանկարծ մնաց անտուն (տեսանյութ)
![401fd54de11f4d6cbff7372f2006d9ff 401fd54de11f4d6cbff7372f2006d9ff](/static/articles/11/97/23/l-hOVtQGFHHA.jpg)
Դատական քաշքշուկներն են դարձել պատճառ, որ քաղաքացիները դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Այս կերպ նրանք փորձում են տեղեկանալ իրենց իրավունքներին։ «Ակտ ա եկել վրես, որտեղ որ ես ճիշտ եմ, կարմիր գծանշված տեղում կանգառ եմ արել ՝ պասաժիր եմ սպասել ու դրա համար ինձ ակտավորել են, բայց ես կարմիր գծի փողը մուծել եմ ու պլյուս դրան մի հատ էլ նորից իմ ակտը ճանապարհային ոստիկանությունից ա եկել, գնացել բողոքել եմ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է տաքսու վարորդ Արմեն Աղաբաբյանը։ Իսկ ուսուցչուհի Լիանա Պետրոսյանը իր բնակարանը կորցնելու խնդրի առաջ է։ Պնդում է՝ նոտարի սխալի պատճառով։ «2011թ-ին մայրս ՝ չգիտեմ ոնց, չի հասկացել, դե ինքը սկլեռոզ հիվանդություն ունի, բնակարանը առանց ինձ հարցնելու նվիրատվություն ա արել։ Այսինքն` ես այդ տանը 40 տարի ա բնակվում եմ, և սեփականաշնորհմանը մասնակցել եմ և այդ տանը գրանցված եմ և հանկարծակի ես մնում եմ առանց իմ բնակարանի»,-ասում է նա։ Հայաստանի փաստաբանների պալատի ու փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր հինգշաբթի բազմաթիվ քաղաքացիներ հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ստանում են անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Նախաձեռնությունն իրականացվում է այս տարվա մարտ ամսից սկսած։ «Այս խորհրդատվությունը տրամադրում ենք անկախ մարդկանց սոցիալական դիրքից, անկախ այն հանգամանքից ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ունեն ժամանակավոր կացություն, քաղաքացիություն չունեցող անձ են և այլն, այսինքն` մարդիկ գալիս են ուղղակի գրանցվում են և ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն: Իրավաբանական օգնություն ստանում են և քաղաքացիական գործերով, և վարչական,և քրեական, և սահմանադրական գործերով»,-մեզ հետ զրույցում տեղեկացնում է տիկին Առուստամյանը: Անվճար իրավաբանական օգնությունը կարող է լինել ոչ միայն բանավոր,այլև առանձին դեպքերում գրավոր՝ դիմումների, բողոքների և հայցադիմումների կազմում: Նախաձեռնությունն անժամկետ է։ Առաջիկայում նախատեսվում է իրավաբանական օգնության ծրագիրը ներդնել նաև մարզերում։ Մանրամասները՝ տեսանյութով