Շուշիի ազատագրումից հետո՝ Արցախյան շարժման որակական նոր փուլ (տեսանյութ)
Մայիսի 8-ին լրանում է Շուշի քաղաքի ազատագրման օպերացիայի 23-ամյակը։ Արցախյան պատերազմի տարիներին Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր, ինչի իրագործումից հետո Արցախյան շարժումը թևակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելով պատերազմում։ Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքի տարածքից հրթիռակոծվում էին Ստեփանակերտն ու շրջակա բնակավայրերը։ Շուշիի ազատագրման գործողությունը սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը։ Ադրբեջանցիները բերդաքաղաքում կենտրոնացրել էին 2500 զինվորական, տիրապետում էին հսկայական ռազմամթերքի։ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրական գործողությանը մասնակցել է շուրջ 3800 կամավոր։ Մանրակրկիտ մշակված և պլանավորված գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ մմ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Վտանգված բնակչությանը փրկելու անհրաժեշտությունը, Արցախի գերակշիռ հատվածը ապաշրջափակելու կարևորության գիտակցումը մարտիկներին թույլ տվեց ընդամենը 26 ժամում ավարտել ռազմական գործողությունը։ Լավ մշակված պլանի և բարձր կազմակերպական մակարդակի արդյունքում հայկական կողմի կորուստը 58 մարտիկ էր, ադրբեջանցիները շատ ավելի մեծաթիվ կորուստներ ունեին։ Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման գործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ շրջափակման օղակը ու բացվել ՀՀ-ին միացնող ճանապարհը։