Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազա՞տ են արձակում

Քաղաքականություն
himnadir9

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին, ըստ սոցցանցերում տարածված տեղեկության, առաջիկա ժամերին ազատ են արձակում: Դատելով Ժիրայր Սեֆիլյանի կնոջ արձագանքից, ինքն այդ մասին չգիտեր։ NEWS.am-ի տեղեկություններով՝ գործով դատախազը գնացել է քրեակատարողական հիմնարկ՝ փոխանցելու որոշումը: ՀԽ կալանավորված անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվում է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այս մասին տեղեկություն չունեն նաեւ ՀԽ կալանավորված անդամների փաստաբաններից Հայկ Գրիգորյանը եւ Գեւորգ Դավթյանը. «Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ տեղեկություն չունեն։ ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ պաշտոնական տեղեկություն իրենք չունեն. «Այն, որ նրանց պետք է բաց թողնեն, այդ խոսակցությունները նորություն չեն, բայց որ դատախազն է նման քայլի դիմել, սա նորություն է»։ Հիշեցնենք` ապրիլի 7-ին բերման ենթարկվեցին,  ապա կալանավորվեցին ՀԽ անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը եւ Գևորգ Սաֆարյանը։ ՀՀ Քննչական կոմիտեն կատարվածը հիմնավորել է այսպես. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»։