Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումները չեն բացառվում
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը՝ կալանքն էլ մնաց նույնը։ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը։ Գեւորգ Սաֆարյանն արդեն 5 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Լուրեր են շրջանառվում, որ նրան խոշտանգումների են ենթարկել, այդ իսկ պատճառով էլ խցից տեղափոխվելու համար հացադուլ է հայտարարել։ «Միգուցե ինչ- որ ճնշումներ եղել են, որ բերել են այդ վիճակին, բայց չեմ կարող ասել, դա կախված է նրա քաղաքական հայացքների՞ց, թե՞ այլ իրավիճակից։ Բանտախցում եւ պայմաններից, եւ բանտախցի համապատասխան անդամների կողմից որոշակի ճնշումների եւ անգամ դրսի ուժերի ներգործության շնորհիվ կարող է ամեն ինչ պատահել»,- ասաց փաստաբան Գեւորգ Դավթյանը։ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 6 անձանցից միայն Արամ Հակոբյանի դեպքում էր գրավը կիրառվել որպես խափանման միջոց։ Պաշտպանական կողմը այս որոշումն էլ էր բողոքարկում։ Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։ «Շատ պետք է իմանալ, թե որտեղից է հայտնվել այդ նռնակը։ Ըստ երեւույթին շատ անհեթեթ էր մեղադրանքը։ Ուզում եմ իմանալ, վերջապես ես հանցագործ եմ, թե ոչ»,- ասաց Արամ Հակոբյանը։ Նրա գործով էլ որոշումը մնաց նույնը։