Ձերբակալել Քիմ Քարդաշյանին՝ զանգվածային պսիխոզ կազմակերպելու համար (տեսանյութ)
Դերասան Սերգեյ Դանիելյանը չի շտապում Ծիծեռնակաբերդ գնացած ՀՀԿ կանանց քննադատել. «Երբ մարդն անկեղծ մի բան է ուզում անել, չես կարող քլնգել, լավ բան են ուզեցել անել, բայց դե աղջիկներ են, հետո ուրախացել են»: Նա այսօր անդրադարձել է նաեւ Քիմ Քարդաշյանի այցին ու նրա ֆենոմենին. «Ի վերջո, իր սեփական հետույքով է փող աշխատել, ոմանք՝ ուրիշների: Չի գողանում, չի վերցնում ուրիշի բիզնեսը, թող ապրի, իր համար էլի: Իսկ PR-ի մասով լավ է, բազմաթիվ մարդիկ քարտեզի վրա իմացան Հայաստանի տեղը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց դերասանը: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կարծիքով՝ «Նա իր այցով մի ողջ ազգի արթնացրեց, ազգային պսիխոզի տրամադրությունը, կայքերի նյութերը, գնաց այստեղ-այնտեղ: Կարծում եմ՝ տեղին կլինի՝ Քիմ Քարդաշյանին զանգվածային անկարգություններ, պսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել»: Ներկայիս իշխանության մասին խոսելիս, դերասանը նշել է, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և այլ ղեկավարող անձինք իր համար կանխատեսելի են։ «Ես գիտեմ, որ նրանց ետևում Ռուսաստանն է կանգնած, իսկ եթե հետո իշխանության գան այլ անձինք, ես պետք է էլի հասկանամ, թե ով է նրանց ետևում։ Եթե օրինակ Սեֆիլյանը դառնա պրեզիդենտ կամ այլ մարդ, էլի քննադատելու եմ»,-շեշտել է պարոն Դանիելյանը։ Նա նաև հիշել է, որ Ղարաբաղ կոմիտեի որոշ անդամների ինքը պատերազմի շրջանում հիշում էր որպես նիհար տղաների։ «Այդ շրջանում լույսերն անջատեցին։ Իսկ երբ տվեցին, վզները հաստ տեսանք»,-ասել է նա։ Իսկ ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի համար ընդունելի չէ մշակույթի ոլորտում ղեկավարող գործիչների լռությունը Սեֆիլյանի հետ կապված և նմանատիպ այլ դեպքերի կապակցությամբ։ «Մշակույթի գործիչները պասիվ են»,-նշել է նա։ Իսկ թե ինչու Մշակույթի նախարարությունն այս տարի գումար չի տրամադրել համապատասխան մասնագետներին՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր ու ներկայացումներ պատրաստելու համար, ռեժիսորը բացասական չի համարում։ Ասում է՝ այդ միջոցներով շատ ժամանակ անորակ գործեր են ստեղծվում։