Կայծակից հուշարձան է վնասվել
Կայծակից վնասվել է Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 1972թ.-ին կանգնեցված հուշարձանի կամարը, աստղը եւ պատվանդանը:
Գյուղի բարձունքի իշխող դիրքում գտնվող բազալտե մոնումենտալ մոտ 12 մետր բարձրություն ունեցող հուշարձանը 43 տարի առաջ կանգնեցվել է համագյուղացիների հանգանակությունների շնորհիվ: «Վնասված հուշարձանը վերականգնելու 2 տարբերակ ենք մտածում: Առաջինը կրկին գյուղում հանգանակություն կազմակերպենք, մյուսը՝ գտնենք բարերար մեկին, ով պատրաստակամություն կհայտնի գումար հատկացնել վերանորոգման համար»,- ասում է Աշոտավանի բնակիչ, ավագանու անդամ Արշակ Ղուկասյանը:
Ըստ նրա նախնական հաշվարկներով հուշարձանի վերականգնման համար նախնական եւ մոտավոր հաշվարկներով կպահանջվի մոտ 700.000 դրամ: Նախատեսում են հուշարձանը նորոգեմ մինչեւ մայիսի 9-ը:
Հայրենական մեծ պատերազմ Աշոտավան գյուղից մեկնել է 161 մարդ, զոհվել՝ 72-ը: Անդրանիկ եւ Աշոտ Սարգսյանները եղել են դիվիզիայի հրամանատարներ: Անդրանիկը ղեկավարել է Թամանյան 89-րդ հայկական դիվիզիան, Աշոտը՝ 216 մոտոհրաձգային դիվիզիան: Արշակ Ղուկասյանի տեղեկատվությամբ նախկին Աղքենդ գյուղը Աշոտավան է վերանվանվել Մարշալ Բաղրամյանի խնդրանքով ու առաջարկով ի պատիվ եւ հիշատակ Աշոտ Սարգսյանի:
Արմեն Հովակիմյան
ՍԻՍԻԱՆ