Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքը Սերժ Սարգսյանի առջեւ թափանցիկ աշխատելու պարտականություն չի դնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
4d3ee3a0164b1161f24292f9cf7e50f6

Հայաստանյան լրատվամիջոցների հետ երբեւէ հարցազրույցի ցանկություն չունենալու համար Սերժ Սարգսյանը մեղավոր չէ։ «Բայց ե՞րբ են հայաստանցի լրագրողները իրենց ցանկությունը արտահայտել, որ չի եկել»,- ասում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Պարոն Սահակյանը կողմնակից չէ ամեն առիթով Սերժ Սարգսյանին հարցեր ունենալ եւ դեռ փողոցում էլ տալ դրանք, մարդը, ի վերջո, նախագահ է։ Ուրիշ բան, եթե լրագրողները կարոտեն նրան. «Ես կասեմ, որ ամբողջ լրագրողները կարոտել են դրան, բայց ես ձեր միջնորդը լինել չեմ կարող»։ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը բաց եւ թափանցիկ աշխատելու համար ունի որոշակի սահմանափակումներ, «որքանով այդ աշխատանքը կամ թափանցիկությունը չի բացահայտում պետական ծառայողական գաղտնիք»՝ նկատում է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Սակայն Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ օրենքը Սերժ Սարգսյանի առջեւ թափանցիկ աշխատելու եւ լրատվամիջոցներին հաշվետու լինելու պարտականություններ չի դնում. «Սահմանադրության 55 հոդվածով էդպիսի պարտականություն նախատեսված չէ»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը այլ հարց ունի՝ «Իսկ Սերժ Սարգսյանն ո՞վ է»։ Բաղրամյան 26-ում այսօր նստած մարդու մասին Զարուհի Փոստանջյանն ասում է՝ նա ուրիշ գործով է զբաղված, Հայաստան պետությունը եւ նրա քաղաքացին այդ աշխատանքում չկան. «Գողերն ու ավազակները բաց եւ թափանցիկ չեն կարող աշխատել, որովհետեւ գողությունը ենթադրում է փակ, ծածկած, քողարկած գործընթաց»։ Զարուհի Փոստանջյանը այլ Սերժ Սարգսյան չգիտի։ Հետեւաբար նա չգիտի, թե ինչու պետք է իր պաշտոնի հետ ընդհանուր ոչինչ չունեցող մարդը լրատվամիջոցների միջոցով հաշվետու լինի հասարակությանը։ Ահա թե ում ենք այսքան տարի հանդուրժում Հայաստանի նախագահի պաշտոնում. «Այսպիսի պաշտոնյաներ ունենք, ովքեր որ ամեն օր մեզ ճնշում են, մեզ ստրուկի տեղ են դնում եւ մենք ինչ-որ չափով հանդուրժում ենք նրանց ներկայությունը»։ Տիկին Փոստանջյանը պարզ է ասում՝ Սերժ Սարգսյանը բռնազավթել է ժողովրդի իշխանությունը եւ ոչ մի պարտավորություն չունի Հայաստանի քաղաքացու հետ, նրա խաղի կանոններն ուրիշ են. «Եվ այդ խաղի կանոնները իհարկե մերժում են որեւիցե բաց հաշվետու ընթացակարգեր»։