Ազատամարտիկները շարունակում են հանձնել մեդալները (տեսանյութ)
Բերձորյան դեպքերից հետո այսօր իրենց պետական պարգեւները հանձնեցին
ազատամարտիկներ Աղավնի Սահակյանը եւ Վարուժան Ավետիսյանը։
Թվով 12 մեդալները ի նշան բողոքի նրանք կհանձնեն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին
«Արժանի չեմ համարում այսօրվա ղեկավարներին հանդես գալու պետության, ժողովրդի անունից։ Ես համարում եմ, որ այդ պարգեւները պետք է մնան պետության մոտ, որը իմ համոզմամբ ներկայացնում է լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը»,- հրավիրված ասուլիսում նշեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը։
Ազատամարտիկ Աղավնի Սահակյանի համար վիրավորականն այն է, որ ձեռք են բարձրացրել ԼՂՀ-ն ազատագրողի վրա։ Ուստի հասկանալով պարգեւների արժեքը՝ չի կարող դրանք կրել։
«Սա բողոքի ձայն է, ինչ-որ ձեւով իմ բողոքը պիտի արտահայտե՞մ, թե ոչ։ Հո չեմ գնալու մահակը վերցնեմ, ընկնեմ իրենց մեքենաների վրա։ Չնայած իրենք սրանից վատ չեն զգալու»,- եզրափակեց նա։
Ի դեպ, նրան շնորհված «Մայրական երախտագիտության մեդալ»-ը պատրաստված էր արկի բեկորներից, սակայն Աղավնի Սահակյանը նշեց, որ այդ բեկորները իր մարմնի մեջ է կրում։