Գույքահարկ չվճարելուց շուտով չեն կարողանա խուսափել (տեսանյութ)
Տեղական հարկերը՝ բարեփոխված տարբերակով. պետությունը քայլեր է ձեռնարկում այս համակարգում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։ Այս գործում իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Նպատակն է բարձրացնել հարկային օրինապահությունը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային բեռն անհատների և բիզնեսների համար։ «Գույքահարկը մեծ պոտենցիալ ունի և պետք է քննարկել, թե ինչպես կարելի է ունենալ գործող, իրատեսական գույքահարկի համակարգ»,-հարկային բարեփոխումներին ուղղված քննարկմանը նշել է ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Նարեն Չանմուգամը։ Նա լավատեղյակ է մեր երկրի հարկային համակարգում առկա բացթողումներին. «Մի քանի խոշոր ձեռնարկություններ այս պահին շատ ավելի քիչ են վճարում հարկեր, քան անհրաժեշտ է։ Պետք է այնպես լինի, որ բոլորը վճարեն իրենց արդար բաժինը։ Գույքահարկ այս պահին ոչ բոլորն են վճարում, բայց դա հաշվարկելը շատ հեշտ է։ Եթե եկամտահարկը կարող են թաքցնել, գույքը թաքցնել հնարավոր չէ»,-շեշտել է պարոն Չանմուգամը։ Առաջիկայում ուսումնասիրելու են, թե ով ինչ գույք ունի, որպեսզի տվյալ անձինք համապատասխանաբար հարկվեն։ «Մեր օրենքը թույլ է տալիս նոր հարկատեսակներ սահմանել»,-ասել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Սակայն մինչև ամառ նախատեսվում է միասնական հարկային օրենք սահմանել։ Նրա խոսքով՝ խնդիրները քիչ չեն, այդ թվում՝ տեղական հարկերի սահմանման հարցում։ « Շրջանառության մեջ ենք դրել հյուրանոցային հարկի գաղափարը և այդ հարկն այսօր էլ կարող ենք կիրառել»,-շեշտել է պարոն Տերտերյանը։ Համայնքների ֆինանսիստների միավորման վարչության անդամ Նորա Գրիգորյանը վստահ է, որ հենց հյուրանոցային հարկն ու գույքահարկի այլ տեսակներ կարող են համայնքների ծախսերը հոգալու առավել արդյունավետ միջոց դառնալ։ «Տեղական հարկերը, տուրքերը, գույքահարկն ու հողի հարկն է այժմ կիրառվում, իսկ հյուրանոցային հարկի մասին օրենքը չի կիրառվում։ Կարծում եմ՝ սա եկամտի մեծ աղբյուր կլինի»,-շեշտել է նա։ Համայնքների ֆինանսիստների միավորման ներկայացուցիչը կարևորում է համայնքներում եկամուտների հավաքագրման հարցը, առավել ևս, որ դրանց խոշորացման միտում կա։ Նա հույս ունի, որ բարեփոխումներն իրոք արդյունք կտան և կապահովեն նաև համայնքների համաչափ զարգացումը։