Հանրապետական պատգամավորի երազանքը (տեսանյութ)
Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանի տիպի երկրներում ընդդիմությունը չպետք է մտածի իշխանության գալու մասին՝ Ադրբեջան կա, Թուրքիա կա, ի՞նչ կմտածեն նրանք մեր մասին. «Ոչ մեկը ինձ հարց չի տալիս՝ էս վիճակը ու՞մ ա ձեռք տալիս՝ Ադրբեջանին առաջին հերթին, եւ երկրորդ հերթին Թուրքիային»։ Ժողովուրդն ընդդիմության հետեւից գնալիս պետք է մտածի այս մասին։ Հետեւաբար միգուցե իշխանության ձգտելու փոխարեն ընդդիմությունը համագործակցի՞ իշխանության հետ. «Դա իմ երազանքն է»։ Սակայն ըստ պատգամավորի, մեր ընդդիմությունն այն վիճակում էլ չէ, որ կարողանա իշխանության գալ ընտրությունների միջոցով։ Դա միայն իր կարծիքը չէ. «Դուք Նիկոլ Փաշինյանի ելույթը լսե՞լ եք ընդդիմության մասին, հիանալի ելույթ էր։ Որովհետեւ նա ասում է, որ եթե մի ընդդիմություն չի կարողանում տեղամասերում երեք ներկայացուցիչ ապահովի, դա ի՞նչ ընդդիմություն է»։ Հանրապետական Վրեժ Մարկոսյանը նույնպես չի ուզում տեսնել իշխանության ձգտող ընդդիմություն։ Թող լինեն կառուցողական,աշխատեն իշխանության հետ. «Ժողովրդին ավելի պիտանի բաներ կխոսվեն, ոչ թե ըսենց մենակ դատարկ խոսակցություններ»։ Ցավոք, պարոն Մարկոսյանը տեսնում է թույլ եւ ոչ լուրջ ընդդիմություն, բոլորը իշխանությունից նեղացած են։ Ինչ վերաբերում է իշխանության ձգտելու ընդդիմության սահմանադրական կոչմանը, պարոն Մարկոսյանը կարծում է, որ դրան էլ ձեւ կա. «Եթե լուրջ բան առաջադրեն,կառավարության հետ համատեղ, էդ դեպքում հնարավոր ա կառավարության հետ կոալիցիա ստեղծեն»։ Վրեժ Մարկոսյանն էլ է կարծում, որ ընդդիմությունն իր չափը պետք է ճանաչի այսպիսի հարեւաններ ունենալու պարագայում։ Բայց այնպես չէ, որ մեզ ընդհանրապես ընդդիմություն պետք չէ. «Ընդդիմությունը պետք ա, որպեսզի կառավարությունը մի քիչ ավելի զգոն լինի, բայց ոչ պետությանը վնաս»։ -Բայց ոչ նրա համար, որ իշխանության գա, չէ՞։ -Ոչ թե գա իշխանության... Ցանկալի է, որ նրանցից էլ լինի իշխանության մեջ միայն ոչ ի վնաս Հայրենիքի։