Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը սաստող հայացք նետեց եւ անջատեց Հերմինե Նաղդալյանի խոսափողը (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM87438

ԱԺ-ում այսօր մինչ նիստի մեկնարկը Գալուստ Սահակյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հիշեց ու շնորհավորեց գրող, հրապարակախոս, լրագրող ու ԳԽ պատգամավոր Սամվել Շահմուրադյանի ծննդյան օրն ու հիշատակը: Դահլիճից Գալուստ Սահակյանին հիշեցրին, որ այսօր նաեւ զորավար Անդրանիկի ծննդյան օրն է: «Շնորհավորենք նաեւ Անդրանիկի ծննդյան օրը»,- իմիջիայլոց հայտարարեց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանին հուշողը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, որը նաեւ հայտարարեց. «Այսօր մեր ազգի ամենապայծառ ու լուսսվոր ներկայացուցչի՝ զորավար Անդրանիկի 150-ամյակն է: Նրանից այնքան ուսանելու բան ունենք, որ դրանցով առաջնորդվելով՝ մեր հայրենիքին միայն բարօրություն կբերենք: Շնորհավոր բոլորիս տոնը, շնորհավոր սիրելի զորավար»: Անցնելով օրակարգին՝ երբ քվեարկության էր դրվելու «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, հիմնականում ՕԵԿ պատգամավորները ընդվզեցին, որ դեմ են այս օրինագծին, և պետք է կրկին քննարկումներ անել, շտկել այն: Դեմ արտահայտվեցին նաեւ ՀԱԿ եւ ՀՅԴ պատգամավորները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորների ընդվզումը եւ նա սկսեց բարկացած ասել, թե հենց ընդդիմադիրներն էին խնդրի անձնավորման դեմ միշտ խոսում, մինչդեռ հիմա հենց իրենք են անձնավորում: Նա այնքան էր տարվել իր մտքերի արտահայտմամբ, որ անտեսում էր անգամ Գալուստ Սահակյանի ազդանշանային համառ զգուշացումը՝ ժամանակի սպառման մասին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր կողմից հայտարարեց. «Եթե բոլոր քաղաքական ուժերն ասում են դա հապշտապ, «թըփշըփ» որոշում է, ապա ականջալուր ինչո՞ւ չեք լինում, չի կարելի նման «թըփշըփությամբ» օրինագիծ բերել ու ընդունել: Դահլիճն ասում է՝ արգումենտներ ունենք, համբերեք դա բերենք ու քննարկենք»: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ լրջագույն մտավախություն կա, որ սա բերելու է արտահանման մենաշնորհի. «Մենք առաջարկում ենք հետ վերցնել այս օրինագիծն, ու հնարավորություն ընձեռվի անցկացնել հավելյալ քննարկումներ, այլ ոչ թե 48 ժամում ընդունենք այս օրինագիծը»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով Հերմինե Նաղդալյանին, ասաց. «Տիկին Նաղդալյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց կամ փոխենք ձեզ, կամ տնտեսագիտությունը, քանի որ այն, ինչ դուք ասում եք, հակասում է տնտեսագիտությանը: Դուք տնտեսագիտության պրոֆեսոր չեք»։ Տիկին Նաղդալյանը տեղից որոշեց արձագանքել: Դա արժանացավ Գալուստ Սահակյանի սեւեռուն ու կշտամբալից հայացքին: Դահլիճը պայթեց ծիծաղից: Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: