Ինչն է խանգարում Էդմոն Մարուքյանին անդամագրվել ՀՀԿ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատգամավոր դառնալիս անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ընտրողներին չի խոստացել, որ Ազգային ժողով մտնելով պահանջելու է Սերժ Սարգսյանի հեռացումը. «Որովհետեւ իմացել եմ, որ դա անիրատեսական է, անհեռանկար է»։ Հիմա ինքը պայքարում է, որ արմատական ընդդիմությունը հեռանա քաղաքական ասպարեզից եւ նոր ընդդիմություն գա. «Բոլորը այս համակարգի մեջ երջանիկ են։ Այսինքն, ամեն օր կարելի է գոռալ, Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջել, բայց երբ որ իմպիչմենտի նախագիծ գա, էդ նախագծին կողմ չքվեարկել»։ Փաստորեն ընդդիմությունը երջանիկ է, որ ինքը իշխանություն չէ. «Այո։ Որովհետեւ չի էլ ուզում գա իշխանության»։ Երեք նախագահներն էլ, ըստ անկախ պատգամավորի, խանգարել են, որ Հայաստանում ձեւավորվի ընդդիմություն, իսկ այն, ինչ կա, քաղաքական մշակույթի հետ կապ չունի. «Տեսեք, երբ որ ես ելույթ էի ունենում, ինձ նույնությամբ խանգարում էին իմ ելույթի ժամանակ ընդդիմադիր այն մարդիկ, ում որ քննադատում էի, նույնությամբ նրանց խանգարում էր Առաքել Մովսիսյանը։ Հիմա ինձ համար ի՞նչ տարբերություն»։ Բայց ընդդիմությունն իշխանությանն արյունահեղությամբ չի սպառնում, իշխանությունն է սպառնում արյունահեղությամբ, եթե հանկարծ ընդդիմությունը դուրս գա փողոց։ Հետեւաբար, չպե՞տք է պետության արյունահեղություն խոստացող ղեկավարն օր առաջ առանց ընտրությունների հեռանա. «Առանց ընտրության ոչ ոք չպետք է հեռանա, որովհետեւ ով որ առանց ընտրության հեռացավ, եկողը ավելի վատն է լինելու»։ Անհրաժեշտ են նորմալ ընտրական համակարգ, նորմալ քաղաքական ուժեր, որոնք միմյանց կփոխեն առանց արյուն թափելու։ «Արյունահեղությամբ սպառնացողի օրոք ինչպե՞ս կարող է տեղի ունենալ իշխանափոխություն»,- հարցին Էդմոն Մարուքյանը պատասխանում է. «Արյունահեղության սպառնալիքի մասին ես ոչ մի փաստ չունեմ։ Սա մեկ։ Էդ փաստի մասին ոչ ոք այս պահին չի խոսում։ Սա երկուս։ Եվ երրորդ, ես կարծում եմ, որ էսօր բավականին քաղաքական ազատություններ կան Հայաստանում»։ Ի՞նչն է խանգարում Էդմոն Մարուքյանին անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։ Խանգարում է այն, որ Հանրապետականը Եվրասիական տնտեսական միության կողմնակից է, ինչպես ընդդիմությունը. «Էն մասով, որ մասով, որ կիսել եմ, խոսքը գնում է եվրոպական ասոցացման բանակցություններ եւ այլն, էդ մասով ես էն ժամանակ աջակցել եմ գործող կառավարությանը»։ Անկախ պատգամավորը, սակայն, չպարզաբանեց, թե ինչու 4 տարի չէր անդամակցում Հայաստանը եվրաասոցացում տանող Հանրապետական կուսակցությանը։