ՄԻԵԴ մրցույթին չհամապատասխանող թեկնածուն կրկին դիմել է
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր դառնալու ցանկություն է հայտնել 15 թեկնածու։ Երեկ ավարտվել է մրցույթին մասնակցելու հավակնող թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունը չեղյալ էր հայտարարվել, քանի որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների խորհրդատվական խումբը հրապարակել է կարծիք, որով, ըստ էության` «անհնարին» է համարել Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը։ Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում, ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական եւ մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը եւ Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին: Անդրադառնալով հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել էր, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն ու փորձը հաշվի առնելով՝ չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից: Բոլոր երեք թեկնածուներն էլ առաջադրել են իրենց փաստաթղթերը։ Մրցույթի մասնակիցներն են՝ 1. Լիզա Գրիգորյան 2. Լիանա Հակոբյան 3. Արմեն Հարությունյան 4. Արայիկ Ղազարյան 5. Վիգեն Քոչարյան 6. Աստղիկ Խառատյան 7. Արտյոմ Գեղամյան 8. Ելիզավետա Դանիելյան 9. Վահե Գրիգորյան 10. Էդուարդ Մկրտչյան 11. Դավիթ Հակոբյան 12. Աննա Մարգարյան 13. Ստեփան Միքայելյան 14. Հայկանուշ Պարսամյան 15. Նելիկ Հարությունյան