ԲՀԿ-ականը հուսով է, որ Գագիկ Ծառուկյանին չեն ձերբակալի (տեսանյութ)
Աշխատանքային օրվա ավարտին, ԲՀԿ գրասենյակից դուրս եկող պատգամավորները ասում էին, թե տեղյակ չեն ՝ ում հետ է հանդիպում Գագիկ Ծառուկյանը։ «Այդպես այս օրով, այս ժամով չեմ կարող ասել, ամեն րոպե, ամեն ժամ, տարբեր հավաքներ, քննարկումներ լինում է»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Պատգամավորը հուսով է՝ իշխանությունները պատգամավորական մանդատից չեն զրկի ու առավելեւս չեն ձերբակալի Գագիկ Ծառուկյանին. «Դա կլինի վերջին շտրիխը` վերջնականապես ամբողջ մարզերը մի մարդու պես ժողովուրդը ոտքի կանգնի, գա Երեւան այդ պահանջով»,- նշեց ԲՀԿ-ականը։ Կուսակցության գրասենյակից դուրս եկող պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց. «Շտապում եմ, մեքենան եկել է ետեւիցս, պիտի գնամ»: Նախորդ գիշեր ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել, նաեւ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանին եւ Ռուբեն Գեւորգյանին պատկանող տարածքներում: «Բոլոր գործողությունները մեր կողմից լինելու են համարժեք եւ օրենքի տառին համահունչ, նշանակում է օրենքով պետք է լինի ամեն ինչ, ՀՀ-ում պետք է լինի կարգուկանոն, օրենքի գերակայություն», - ասաց Վահե Էնֆիաջյանը: «Մեր կուսակցությունը, մեր թիմակիցները գիտակցաբար անցնելու են այն ճանապարհը, որ ճանապարհին, որ կանգնած ենք: Բնականաբար այդ ճանապարհին խոչընդոտներ պետք է լինեին: Իսկ ով էր ասել, որ խոչընդոտներ չպետք է լինեին, իսկ ով էր ասել, որ նմանատիպ դեպքեր չպետք է լինեին»,- հավելեց Մարտուն Գրիգորյանը ։ ԲՀԿ ներկայացուցիչները հավաստիացրին` մյուս հարցերի պատասխանը կլինի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր եռյակի հրավիրած շտապ հավաքին: Ի դեպ, ԲՀԿ պատգամավորներ Հարություն Ղագյոզյանը, Գրիգորի Մարգարյանն ու Մելիք Մանուկյանը այսօր կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել։ Ավելի վաղ հրաժարվել էին Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը։