ԱՄՆ դեսպանը չի զարմացել Սերժ Սարգսյանի վիրավորական բառապաշարից (տեսանյութ)
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հայ լրագրողների հետ իր առաջին հանդիպումը սկսեց հայերեն ողջույնի խոսքով, ապա նշեց, որ մինչ ՀՀ ժամանելը Վաշինգտոնում առիթ ունեցել է հայերեն սովորելու, եւ դեռ առիթ կունենամ մյուս ասուլիսները հայերեն անցկացնել:
Թեեւ դեսպանը ՀՀ-ում դեռ 2 աշխատանքային օր է անցկացրել, սակայն չխուսափեց գնահատականներ տալ նաեւ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին: Նա նշեց, որ բոլոր երկրներում ԱՄՆ դեսպաններն աշխատում են քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում ընդդիմության հետ: Դեսպանն անգամ հասցրել է ծանոթանալ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա ԲՀԿ առաջնորդին ներկայացրեց մականունով եւ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին պատկանող հաստատություններում հարկային ստուգումներ անցկացնելու մասին. «Ես որեւէ մեկնաբանություն չեմ անի: Ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական դաշտում ընդունված է միմյանց վատ բառերով դիմել: Ժողովրդավարության պարագայում, եթե նախագահի կողմից առաջ է քաշվում հարկերի հետ կապված հետաքննություն անցկացնելը, ապա այն պետք է լինի մանրակրկիտ, թափանցիկ եւ երկրի օրենքների համաձայն»:
Ռիչարդ Միլսը խոսեց նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունից. «ԱՄՆ-ն հարաբերություններ ունի թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի հետ, եւ երկու կողմերին էլ միշտ հստակ ասել ենք` պաշտպանում ենք Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն ու հարցի խաղաղ կարգավորումը»:
Ինչ վերաբերում է ՌԴ նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներին, ապա դեսպանը նշեց, որ ինքն անձամբ ՀՀ-ում է` օգնելու տեղի տնտեսության զարգացմանը. «Մենք չենք ցանկանում, որ ՌԴ տնտեսության բացասական հետեւանքները վնաս հասցնեն հարեւան պետություններին: Առաջիկա շաբաթների ընթացքում ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպումներին կորոշենք, թե ինչպես կարող ենք զարգացնել երկրի տնտեսությունը»:
Ռիչարդ Միլսը նկատեց նաեւ, որ կցանկանար ՀՀ-ում տեսնել ամերիկյան մեծամասշտաբ ներդրումներ, սակայն ԱՄՆ կառավարությունը չի կարող ներդրումներ բերել ՀՀ, այլ ՀՀ-ն ինքը պետք է ներգրավի ներդրումներ: