Նախարարն այցելել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փետրվարի 6-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և խորհրդակցություն անցկացրել գործակալության աշխատակիցների հետ: Նախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները մշտապես կատարելագործման կարիք ունեն: «Հաճելի է արձանագրել, որ Պետական ռեգիստրի գործակալության՝ քաղաքացիների սպասարկման էլեկտրոնային համակարգը բարձր գնահատականի է արժանանում նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք գնահատում են երկրի տնտեսական ակտիվությունն ու ներդրումային միջավայրը: Այս համակարգի առաջընթացը պետք է կարևոր նվաճում համարել, բայց դրանով չպետք է բավարարվել. դեռևս կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- ասել է նախարարը՝ հատկանշական համարելով «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցման գործընթացը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ադամյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կատարված բարեփոխումներին և նշել, որ դրանք միտված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացը պարզեցնելուն, գործարար ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, և կոռուպցիոն ռիսկերը զսպելուն: Նախարարը Պետռեգիստրի աշխատակիցներին առաջարկել է ներկայացնել աշխատանքին առնչվող խնդիրներ, խոսել հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Գործակալության աշխատակիցները հիմնականում ներկայացրել են ինչպես ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, այնպես էլ կարևորել շենքային պայմանների բարելավումն ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությունը: Լսելով ներկաներին՝ նախարարը հանձնարարականներ է տվել Պետռեգիստրի պետին, ինչպես նաև իր աշխատակազմի ներկայացուցիչներին: Քննարկում-խորհրդակցության արդյունքում ամրագրվել և հստակեցվել են համակարգի բարեփոխումներին վերաբերող ժամկետներն ու առաջնահերթությունները: Խորհրդակցության ավարտին նախարարը ներկաներին վստահեցրել է, որ Պետռեգիստրի գործունեությունն իր ամենօրյա ուշադրության կենտրում է: Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է մշտապես բարձր պահել քաղաքացիների սպասարկման որակը և բացառապես առաջնորդվել օրենքի տառով: