Ռուսական զորքերի տեղակայում Արցախո՞ւմ (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքագետ Իգոր Մուրադյանն այսօր հետ վերադարձրեց 2013 թ. ԼՂՀ ԱԺ-ի կողմից իրեն շնորհած «Մեսրոպ Մաշտոց» մեդալը։ Պատճառը Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծի ենթարկելն էր։ Այսօր Հիմնադիր խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Իգոր Մուրադյանը նշեց, որ Արցախն այլ առաքելություն ունի, որի մասին ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախում տեղյակ չեն, դա ռուսական զորքերի տեղակայումն է Արցախում։ Նրա խոսքերով՝ այդպես վարվեցին, քանի որ դրա իրագործման կեսն արդեն անցել են։ Ի դեպ, ըստ Իգոր Մուրադյանի, ԼՂՀ իշխանությունները, առանց ՀՀ իշխանությունների համաձայնության, նման քայլի չէին գնա։ Իսկ Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանն էլ ավելացրեց, որ դեպի Արցախ ավտոերթը դաժանաբար ճնշելը հատուկ մշակված օպերացիա էր, որը նպատակ ուներ սադրել բախում՝ երթի մասնակիցներին ծեծելով եւ ավտոմեքենաները ջարդուփշուր անելով։ Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ Ալեք Ենիգոմշյանին առեւանգելու հատուկ ծրագիր է եղել, սակայն նրան շփոթել էին այլ ակտիվիստի հետ։ «Ջարդարարները ռադիոկապով ասեցին՝ սլեպոյին բռնեցի՞ք,սատկացրե՛ք»,- լսել են Հիմնադիր խորհրդարանի անդամները։ Վարուժան Ավետիսյանը հիշում է, որ երբ զգացել են, որ սադրանք են ցանկացել կատարել, որոշել են հետ վերադառնալ, սակայն այդ ժամանակ գործի է դրվել ծեծուջարդը։ Ծեծել են նույնիսկ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին՝ գետնին տապալելով 8-10 հոգով ու մահակներով ծեծել։ Ի դեպ, նա չբացառեց, որ հնարավոր է դեպի Արցախ երթ կազմակերպվի։ Սակայն դեպքի հետ կապված իրավապահ մարմիններին չեն դիմելու. «Ռեժիմին դիմելու որեւէ կարիք եւ մտադրություն չունենք»,- եզրափակեց նա։