«Միջնորդները նշում են հակամարտության սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը»
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը: Միջնորդները անկողմնակալորեն նշում են հակամարտության սրացման մեջ Ադրբեջանի պատասխանատվությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին տեղեկացրել են «շփման գծի երկայնքով և հայաստանա-ադրբեջանական սահմանի վրա հարձակումների առնչությամբ իրենց խիստ մտահոգությունը»: Վերջիններս Ադրբեջանին նաև կոչ են արել «հարգել հակամարտության խաղաղ կարգավորման լուծման նպատակով ստանձնած սեփական պարտավորությունները» : «Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված դիրքորոշումը» հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը : Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին : «Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը, ինչպես նաև ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը»,-վերլուծեց Ֆրանսուա Ռոշբլուանը : Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրեց, որ պատրանք է կարծել, թե առանց այդ ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության : Իրենց հայտարարության մեջ համանախագահները նաև անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացումը` ընդգծելով «ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարևորությունը». ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան և հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմի կողից : «Իրավացի են միջոնրդները, երբ իրերն իրենց անունով են կոչում և մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում »,- հաստատեց Ֆրանսուա Ռոշըբլուանը : «Հարձակվողի և պաշտպանվողի միջև տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը : Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը և Ադրբեջանի բռնատիրությունը »,- եզրափակեց նա: