«Նախագահն ասաց՝ կտանք բերաններիդ». Մանվել Գրիգորյան (տեսանյութ)
Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթը գնահատեց համարժեք։ «Նա խիստ չասեց, ուղղակի ասեց խելոք պահեք, եթե խելոք չպահեք, կտանք բերաններիդ, իսկ դա խիստ չէ, մի բան էլ նուրբ էր, մի քիչ էլ կարար կոպիտ գործով էլ ասեր, քանի գործով չի, ուրեմն հլը խիստ չի»,- ասաց նա՝ հավելելով, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան ամեն կերպ բզբզում է Ադրբեջանին, իսկ դրանք էլ խաղեր են տալիս, ուզում են 100 ամյակին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը շեղել։ Մեծամասշտաբ պատերազմ, ըստ նրա, ոչ հնարավոր է, ոչ էլ անհնարին։ Անդրադառնալով նաև Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ Մանվել Գրիգորյանը շեշտեց, որ դա անմարդկային արարք էր, և անկախ ազգությունից, նա պետք է իր արժանի պատիժը կրի ՝ նույնիսկ եթե հայ էլ լիներ. «Հենց ազգությունը շեշտեցինք, ուրեմն դա քաղաքականություն էր։ Ես չեմ էլ կասկածում, որ ռուսները ավելի խիստ կվերաբերվեն, որովհետև իրանք էլ ուրիշ բարոյական իրավունք չունեն ՝ խիստ մոտեցում չտան»։ Նա նաև դեմ է Գյումրիից ռուսական ռազմաբազայի հեռացմանը, քանի որ նրա խոսքերով՝ ռուս սահմանապահներն են պահում Թուրքիայի հետ սահմանը։ «Որ օրը թուրքն իմանա, որ մեր բանակը մարտունակ չի, ուրեմն մի րոպեում պատերազմը կսկսի, իսկ քանի դեռ պատերազմ չկա, 100 տոկոս վստահ եղեք, որ մեր բանակը ուժեղ ու մարտունակ ա»,- պատասխանելով «Ա1 +»-ի լրագրողի հարցին՝ նշեց Մանվել Գրիգորյանը։