Վ. Պետրոսյանի պաշտպանին մեղադրեցին տուժողին գումար առաջարկելու մեջ (տեսանյութ)
Այն ամենն ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բայց ոչ արդարադատություն. այսօր դատական նիստերի դահլիճում հայտարարեց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեինը։ Ի դեպ, նա նաեւ նշեց, որ Ֆրանսիայում դատական նիստերի դահլիճում չկան տեսախցիկներ, ձայնագրիչներ, եւ 10-ից 2 դեպքում են լրագրողները ներկա լինում։ Տուժող կողմը քիչ առաջ նիստերի դահլիճում հայտարարեց, թե Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն իրենց գումար է առաջարկել լռելու համար։ Պաշտպանը հերքեց ասվածը։ «Խորը կսկիծով ցավում եմ կատարվածի համար։ Անդառնալի է այդ 2 երեխաների կորուստը,- իր «վերջին խոսքի» նախաբանում նշեց Վարդան Պետրոսյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ դատական պրոցեսը կարող է զուգակցվել ներքին կարգով հաշտվելու տարբերակով։ Ապա Վարդան Պետրոսյանը հիշեց Տոլստոյի «Հարություն» վեպը, որտեղ Ցարական Ռուսաստանի դատաիրավական համակարգի մասին պատմություններ կան։ Օրինակ, դրանցից մեկում գյուղացուն 2 ծառ կտրելու համար բանտ էին նստեցրել 4 տարով, իսկ մի կալվածատեր ծանր հանցանքի համար Սիբիրում նահանգապետ էր նշանակվել։ Դատական նիստն ընդմիջվեց։