ՌԴ-ն Ուկրաինայի հարցում շարունակում է դիմադրել, բայց միայն վնաս է կրում (տեսանյութ)
Ուղիղ մեկ տարի առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում քաղաքացիական պայքարի արդյունքում առաջին զոհը եղավ։ Մեկ տարի անց Ուկրաինայի զոհերի թիվը հաշվել արդեն անհնար է։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ԵԱՀԿ-ի տվյալներով, Դոնբասում 34 մարդ է զոհվել։ Ռազմական դրությունը Ուկրաինայում շարունակվում է, չնայած որ սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքվել էր հրադադարի մասին համաձայնագիր։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ «Ռուսաստանը հասկանում է, որ սանկցիաները շարունակվելու են եւ փորձում է ռազմական դիրքերը ամրացնել Դոնբասում, թեպետ դա դատապարտված քայլ է, դա վրեժ է»։ Ռուսաստանի նման քայլերի պատճառը ակնհայտ է՝ փրկության վերջին ճիգերն է գործադրում ։ Ըստ «Մայդանի համերաշխության հայկական կոմիտե»-ի անդամ Զարուհի Հովհաննիսյանի՝ «Երբ երկրի ամբողջ համակարգը, տնտեսությունը պարալիզացված է, ընդհանարապես ելքեր չունի, մարդը կրակում է։ Պուտինը նույնպես անելանելի վիճակում է, եւ նա գցեց իրեն այդ վիճակի մեջ՝ թույլ չտալով ԽՍՀՄ նախկին պետություններին կատարել ընտրություն»։ Նման արձագանք Ռուսաստանից սպասելի էր։ Այդ երկիրը ցավոտ տարավ Ուկրաինայի եվրոպամետ ընտրությունը, քանի որ այդպես նա կտրվում էր իր պատմությունից։ Ու չնայած մինչեւ այսօր շարունակով ռազմական իրավիճակին, Մայդանում հավաքված ժողովուրդը հասավ իր նպատակներին. վերջապես ձեւավորվեց ազգ, որն ունի անկախ պետականություն։ Ռուսաստանը շարունակում է դիմադրել, սակայն բացի վնասից, ուրիշ ոչինչ չի ստանում։ Հակամարտությունը կարգավորելու եւս մեկ փորձ է արվել երեկ։ Բեռլինում հանդիպել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները։ Պարզ է դարձել, որ Մոսկվան որոշել է ամբողջովին կատարել մինսկյան արձանագրությունների կետերը՝ ակնկալելով, որ այս տարվա մարտի կեսերին Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները չեղյալ կհայտարարեն կամ գոնե մասնակիորեն կմեղմացնեն Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները: