Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը

Հասարակություն
sb-hov

Այս տարի հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Այս առթիվ այսօր ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցում կմատուցվի ս. պատարագ: Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրված է Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:5-25): Տաճարում խնկարկության ժամանակ ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային, հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը, թե ինչպես կարող են ծերության օրերին զավակ ունենալ: Կասկածամտության համար նա պատժվում է՝ մինչև իր որդու ծնունդը դառնալով համր: Ս. Հովհաննեսը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստի համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ Ավետումից հետո ս. Մարիամ Աստվածածինն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննեսի մորը: Վերջինս բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին