Փարիզում զոհեր կան. Օլանդ-Մերկել հանդիպումը չի կայանա
Փարիզի հրեական թաղամասի խանութներից մեկում մի տղամարդ պատանդ է վերցրել վեց հոգու: Տղամարդը Կալաշնիկով հրացանից կրակ է բացել. արդեն երկու զոհ կա: Դեպքի վայրում է նաեւ Ֆրանսիայի Ներքին գործերի ղեկավարությունը: Ըստ ԲիբԻՍի-ի՝ այդ տղամարդը Charlie Hebdo-ի հարձակման մեջ կասկածվող երկու եղբայրներից առնվազն մեկին ճանաչում է: Ժամեր առաջ ոստիկանությունը տարհանել է այս թաղամասի բնակիչներին: Ըստ Ֆրանսպրեսի՝ դա կարող է լինել այն նույն մարդը, ով մեկ օր առաջ կրակ էր բացել կին ոստիկանի ուղղությամբ ու սպանել նրան: Փարիզում շարունակվում է հատուկ դրությունը՝ նաեւ Charlie Hebdo-ի հարձակման մեջ կասկածվող եղբայրներին բռնելու ուղղությամբ: Հիշեցնենք՝ նրանք պատանդ են պահել մի մարդու եւ գտնվում են Փարիզից հյուսիս՝ մի տպագրատան նկուղում: Ի դեպ, Փարիզի դեպքերի պատճառով հետաձգվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրնասուա Օլանդի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կիրակնօրյա հանդիպումը: