Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնությունները կարո՞ղ են արագացնել իշխանափոխության շարժումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bD3427mBmxM

Ընդդիմությունը զրպարտում է իշխանություններին` ասելով, որ վերջին օրերի բռնությունների հետեւում իշխանությունն է կանգնած. «Նման զրպարտություններ տարածողները պետք է ենթարկվեն պատասխանատվության անլուրջ խոսակցությունների համար»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի տեղակալ Գագիկ Մելիքյանը: Պարոն Մելիքյանը վստահ է, որ բռնությունները քաղաքական ենթատեքստ չունեն, բայց Սերժ Սարգսյանին վիրավորողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոստիկանապետի տեղակալի խոսքերը, թե հայհոյողների ականջները շան թուլի պես պետք է կտրել, պարոն Մելիքյանն առաջին անգամ էր լսում. «Երեւի ջղայնացած ա եղել պարոն գեներալը»։ Ազատամարտիկների եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնություններն, իհարկե, պետք է բացահայտվեն, չբացահայտելը սարսափեցնում է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանին. «Բա էքուց չէ մյուս օրը ինձ են ծեծելու, ամոթ չէ՞՝ էս տարիքին բռնեն ինձ ծեծեն»։ Միգուցե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարական տա քրեածին իրավիճակին չտիրապետելու համար. «Ինչու՞ պետք ա, օրեկան էդպիսի հարյուրավոր խուլիգանական դեպքեր ա լինում»։ Համլետ Հարությունյանի կարծիքով՝ իշխանությանը ձեռք չէր տա բռնությունների այս շղթան, քանի որ այսպես թե այնպես ինքն է ընկնելու կասկածի տակ։ Չարագործներն ուզում են ցույց տալ, որ մթնոլորտն անպատժելի է. «Մթնոլորտը շատ պատժելի ա, ուղղակի պետք է պատժվեն էդ մարդիկ»։ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ենթադրությամբ՝ բռնություններն արդյունք են ծեծված գործիչների քաղաքական գործունեության, ինքը հաստատ չի կարող ասել։ Բայց անպատժելիություն կա, սակայն դա հազիվ թե Գուրգեն Արսենյանի վրա տարածվի, ինքը շքամուտք չունի, իրենը առանձնատուն է. «Եթե, ասենք, իմ բակում, առանձնատան բակում նմանատիպ միջոցառում տեղի ունենա, ուրեմն դա իմ տան որեւէ աշխատող պիտի անի, ուրեմն ինչքան պիտի ես էդ մարդու հոգին կերած լինեմ»։ Այս հարձակումներից, ըստ պատգամավորի, ընդդիմությունն իհարկե շահում է, որովհետեւ բռնությունները ուժեղացնում են նրան եւ թուլացնում իշխանությանը, իշխանափոխության քաղաքական կազմակերպիչները կարող են օգտվել ստեղծված վիճակից. «Եթե կարողանան ճիշտ «շահարկեն» այս իրադարձությունները իշխանության նկատմամբ հասարակության դժգոհությունն ու բողոքը ավելի խտացնելու տեսանկյունից»։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը չի կարող ասել՝ բռնությունները կարո՞ղ են արագացնել իշխանափոխության շարժումը, ինքը չի ուզում այդ մասին խոսել. «Սա նաեւ լուրջ, շատ լուրջ մտորելու տեղիք ա տալիս, թե ապագա մեր էս ժամանակահատվածում ինչ ա տեղի ունենալու»։